Ղրիմի Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել Ինքնավարությունը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին, Facebook-ի իր էջում գրել է Ղրիմի Ինքնավար Հանրապետության առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը:

«Հենց այս պահին Ղրիմի Գերագույն խորհուրդը պատմական որոշում է կայացրել՝ Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին: Կողմ  են 81 պատգամավորներից 78-ը», - գրել է նա:

Տվյալ տեղեկությունը հաստատվում է ՂԻՀ-ի Գերագույն խորհրդի պաշտոնական կայքում: Ըստ  մամուլի ծառայության հաղորդագրության՝ մարտի 6-ին ՂԻՀ-ի ԳԽ-ն արտահերթ լիագումար նիստում որոշում է կայացրել 2014թ. մարտի 16-ին «Համաղրիմյան հանրաքվե անցկացնելու» եւ ՌԴ-ին միանալու մասին:

«ՂԻՀ-ի Սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետի եւ 26-րդ հոդվածի երկրորդ մասի 3-րդ կետի համաձայն՝  ՂԻՀ-ի ԳԽ-ն վճռում է միանալ ՌԴ-ին՝ որպես Ռուսաստանի Դաշնության միավոր, եւ 2014թ. մարտի 16-ին նշանակել համաղրիմյան հանրաքվե (ներառյալ Սեւաստապոլ քաղաքը)», - ասվում է պաշտոնական կայքի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ  ՂԻՀ-ի ԳԽ-ն հանրաքվեին մտադիր է ներկայացնել նաեւ այլընտրանքային հարցեր՝ «Կողմ եք  արդյոք ՌԴ-ի կազմ Ղրիմի մտնելուն՝ որպես Դաշնության միավոր» եւ «Կողմ եք արդյոք Ղրիմի 1992թ. Սահմանադրության վերականգնմանը եւ Ղրիմի՝ որպես Ուկրաինայի մաս մնալու կարգավիճակին»: Ձայների մեծամասնությունն ստացած հարցն էլ կդառնա Ղրիմի բնակչության կամարտահայտումը, հայտնում է 112.ua-ն: