Հայաստանի Վերահսկիչ պալատը պետական մարմիններում իրականացվող ստուգումների արդյունքներն ամփոփելիս չպետք է քաղաքական գնահատականներ տա, հայտարարել է արդարադատության նախարարը՝ ներկայացնելով «Վերահսկիչ պալատի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները: Դրանք հաստատվել են կառավարության մարտի 6-ի նիստում:

Ըստ նախարարի՝ փոփոխություններն իրականացվում են  ֆինանսական վերահսկողության միջազգային չափորոշիչներին համապատասխան, որոնք վերահսկիչ մարմիններին արգելում են  քաղաքական եւ իրավական գնահատականներ տալ: «Դա չի կարելի անել ոչ հաշվետվություններում, ոչ հրապարակային ելույթներում: Քաղաքական գնահատականները խորհրդարանի եւ նախագահի իրավասությունն են, իրավականը՝ համապատասխան մարմիններինը», - նշել է Թովմասյանը: Բացի դրանից՝ պալատի կողմից վերահսկվող սուբյեկտները իրենց եզրակացությունը կներկայացնեն իրենց մոտ արված ստուգումներին համապատասխան: