Pussy Riot խմբի անդամներ Նադեժդա Տոլոկոննիկովան եւ Մարիա Ալյոխինան վերջին օրերին երկրորդ անգամ ենթարկվել են հարձակման: Փետրվարի վերջին Սոչիում կազակները հարձակվել էին աղջիկների վրա՝ տեսահոլովակի համար ներկայացման փորձի պատճառով: Նոր միջադեպը տեղի է ունեցել մարտի 6-ի առավոտյան՝ Նիժնի Նովգորոդում:
Հաղորդվում է, որ երբ առավոտյան 06:20-ին Pussy Riot-ի աղջիկները եկել են քաղաք եւ 06:40-ին մտել մոսկովյան կայարանի հարեւանությամբ գտնվող McDonald's նախաճաշելու, նրանց վրա հարձակվել է անհայտ անձանց մի խումբ: Նրանց փաստաբան Եվգենի Գուբինը պատմել էր, որ հինգ երիտասարդ «աղջիկների վրա մետաղական իրեր, սնունդ եւ «զելյոնկա» են նետել», ինչպես նաեւ նրանց հասցեին հայհոյանքներ բղավել:
Ալյոխինան դեմքի վնասվածք է ստացել, նշել է Գուբինը: Ըստ փաստաբանի՝ Տոլոկոննիկովան եւ Ալյոխինան աչքերի այրվածքներ են ստացել:
Հարձակման մասին իր Twitter-ում հայտնել է նաեւ Տոլոկոննիկովան եւ տեսանյութ տեղադրել YouTube-ում:
Հարձակումից հետո աղջիկներն ուղեւորվել են ոստիկանություն: Դեպքի վայրում աշխատում է օպերատիվ-քննչական խումբը: պարզվում են կատարվածի բոլոր մանրամասները, հայտնում է NEWSru.com-ը:











