Ղրիմի իշխանությունները ռուբլու գոտի մտնելու պատրաստակամություն են հայտնել, եթե ռուսական կողմը Ղրիմը Ռուսաստանին միացնելու համաձայնություն տա: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Ղրիմի  առաջին փոխվարչապետ Ռուստամ Տեմիրգալիեւը:

«Մենք պատրաստ ենք մտնել ռուբլու գոտի», - ասել է նա, փոխանցում է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:

Ռուստամ Տեմիրգալիեւը նաեւ ընդգծել է, որ Ղրիմի իշխանությունները կատարել են բնակչության առաջ իրենց պարտավորությունները ՝ սոցիալական նպաստներն ամբողջությամբ վճարելով:

«Երեկ չէ առաջին օրը եւ երեկ մենք վճարել ենք բոլոր սոցիալական գումարները, այդ թվում՝ աշխատավարձերը եւ թոշակները», - հավելել է Տեմիրգալիեւը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ղրիմի Գերագույն խորհուրդը արտահերթ փակ նիստում Ռուսաստանին միանալու մասին որոշում էր կայացրել: