Հայաստանում Գառնիի հեթանոսական տաճարի հարեւանությամբ սրճարանի շինարարությունը բազմաթիվ ճարտարագիտական  խնդիրներ կառաջացնի՝ ջրամատակարարման, կոյուղու,  նույնիսկ  մետաղ-բետոնի փոքր միջամտությունը հետեւանքներ կունենա: Այս մասին մարտի 6-ի մամուլի ասուլիսում հայտարարել է ճարտարապետ Արտակ Ղուլյանը: 

Նա նշել է, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելու փորձը եւ Գառնու հեթանոսական տաճարի տարածքում սրճարանի շինարարությունը նույն շղթայի օղակներն են:  «Այդ խնդիրները դիտարկելիս կարելի է հասկանալ,  թե որքան սիրողական վերաբերմունք է այսօր Հայաստանի մշակութային հուշարձանների նկատմամբ: Այդ վերաբերմունքը  Հայաստանի պաշտոնյաների  ոչ մասնագիտական գործողությունների արդյունքն է», - ընդգծել է ճարտարապետը: Ըստ նրա՝ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը քանդելն անպատասխանատու քայլ է:

«Զվարթնոց» օդանավակայանից հետո քանի՞  համարժեք շենքեր ենք մենք կառուցել: Երբ օրինակներ են բերում, որ ամբողջ աշխարհում քանդում են հին շենքերը, նրանք մոռանում են նշել, որ այնտեղ կառուցվում են նաեւ նորերը», - նշել է Ղուլյանը, հավելելով, որ ժամանակակից տեխնիկական հնարավորությունների շնորհիվ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը  կարելի է վերանորոգել, իսկ «իշխանությունների այն հայտարարությունները, թե չի կարելի, միայն պատրվակ են»: