Երեւանի բնակիչը 1999 թ. եւ 2011թ. գնել է ավտեմեքենաներ եւ երկու մեքենաներն էլ վաճառել 2012 թ.: Մեկ տարի անց նա ծանուցագիր է ստացել հարկային մարմնից եւ տեղեկացել, որքանի որ նույն տարում վաճառել է 2 ավտոմեքենա, պետք է ներկայանա հարկային տեսչություն եւ վճարի ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումար՝ տուգանքներով եւ տույժերով:

ՄԻՊ գրասենյակի փոխանցմամբ, Պետական եկամուտների կոմիտեի պահանջը, սակայն, անօրինական է, քանի որ «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքից բխում է, որ հարկի վճարման պարտավորություն առաջանում է այն դեպքերում, երբ վաճառվում են նույն տեսակի առնվազն երկու այնպիսի գույք, որոնք երկուսն էլ ձեռք են բերվել վաճառքին նախորդող մեկ տարվա ընթացքում: Տվյալ դեպքում, սակայն, վաճառված երկու ավտոմեքենաներից միայն մեկն է ձեռք բերվել վաճառքին նախորդող մեկ տարվա ընթացքում, իսկ մյուսը ձեռք է բերվել շատ ավելի վաղ:

Փաստորեն, Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցներն անօրինական կերպով քաղաքացուց գանձել են ավելացված արժեքի հարկի գումար, որի համար Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների խախտման մասին որոշում: