Ղրիմում հանրաքվեի անցկացումն անօրինական է, եւ դատական մարմինները Ուկրաինայի գլխավոր դատախազության ներկայացմամբ փորձում են դադարեցնել դրա անցկացումը: Այս մասին, լրագրողներին հայտնել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
«Ղրիմում հանրաքվե անցկացնելու որոշումն անօրինական է: Ղրիմում տեղական իշխանությունը այն ընդունել է ընթացակարգային խախտումներով: Ներկայումս Ուկրաինայի գլխավոր դատախազության նախաձեռնությամբ դատական մարմինները Ղրիմի խորհրդարանի եւ, Ղրիմի Ինքնավար հանրապետության, այսպես կոչված, նոր նախագահության կողմից այդ որոշումների դադարեցման մասին որոշում են կայացրել: Այն, ինչ հիմա այնտեղ կատարվում է, տեղի է ունենում Ռուսաստանի զինվորականների ճնշման տակ»,-նշել է Պետրենկոն, հաղորդում է ՈՒՆՆ-ն:
Նախարարը նաեւ հավելել է, որ օրենքով բոլոր որոշումները, որոնք վերաբերում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, կարող են ընդունվել միայն համաուկրաինական, ոչ թե տեղական հանրաքվեով:




























