Ազգային ժողովում գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ այսօրվա լսումների ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սպառնացել է Արարատի մարզի ֆերմերներից Ռաֆիկ Պողոսյանին, հայտնում է Lragir.am-ը:

Հանդիպման ժամանակ ֆերմերները ներկայացրեցին իրենց դժգոհությունները: Լսումները վերածվեցին թեժ բանավեճի:

«Քսան հեկտար ցորեն եմ ցանել, իմ նման 107 հոգի բերք չեն ստացել: Անկախ հանձնաժողովն եկավ, ասեց՝ եղանակն անբարենպաստ է եղել, կարող ա նաեւ սերմերի ոչ ճիշտ ընտրության հարց լինի: Հիմա մեզ դատի են տվել, 107 հոգի դատի տակ են, եղածը կալանքի տակ ա: Ո՞նց եղավ, որ 107 հոգու դատի են տալիս, նախարարն ասում ա՝ ծրագիրը լավն ա»,- բորբոքված ասաց ֆերմերը:

Գյուղնախարարը շտապեց հայտարարեց, որ իրենք ծրագիրն արդյունավետ են համարում, քանի որ բարձր արդյունքներ են արձանագրել: Այս հայտարարությունը հարուցեց ֆերմերների զայրույթը:

«Պարոն Կարապետյան, դուք հարցը հասկացա՞ք»,- ճշտեց ԱԺ նախագահը:

Սերգո Կարապետյանը սկսեց արդարանալ, թե ստեղծված վիճակի համար գոյւղացիներն են մեղավոր՝ ագրոտեխնիկայի պայմանները խախտել են, բնակլիմայական պայմանները վատ են եղել, ցանքի ժամկետներն են խախտվել:

“Նույն սերմից իրա հարեւանը լավ բերք է ստացել, պարոն Աբրահամյան: Ով լավ  մշակում է, բերք ստանում է, ով չի մշակել, չի ստանում”,- հայտարարեց նախարարը:

Արարատի մարզի ֆերմերներից Ռաֆիկ Պողոսյանը, ով այս ծրագրի շահառուներից է, ցույց տվեց թղթերը եւ հայտարարեց, որ իրենք անորակ սերմացուի հարցով դատը շահել են, գյուղատնտեսության նախարարը ճիշտ չի ասում:

«Իրենք գրում են, որ ֆորս մաժոր նախատեսված չէ, պետք է տաք մեր սերմացուն: Պարոն նախարարն էստեղ սուտ է ասում, սերմերի մասին օրենքը խախտել է: Այսօր նամակ ենք ստանում, որ Վերաքննիչ բողոք են տարել: Ասում են՝ ցորենը մենք լավ չմշակեցինք, բա Վարդենիսում, Գյումրիում, Սիսիանում: Նկարները կան, ամեն ինչը կա, սերմերն են վատ: Վաշխառությամբ են զբաղվում, մեկը երկուսի հարաբերակցությամբ պայմանագիր են կապում մեր հետ»,- վրդովված ասաց Ռաֆիկ Պողոսյանը:

Ֆերմերի խոսքերը զայրացրին ԱԺ նախագահին, ով սպառնաց Ռաֆիկ Պողոսյանին, նա բարկացավ: «Քեզ կոռեկտ պահի, լսի, օրենքը խախտելն ուրիշ բան է, սուտ ասելն ուրիշ բան: Հլա մի հատ մոտիկ արի, ասեմ, ինչի՞ ես բորբոքվում: Ես քո կենսագրությունը գիտե՞ս, որ գիտեմ, մի հատ քեզ հանգիստ պահի: Լսի ինչ եմ ասում՝ Կարապետյան Սերգոն ի՞նչ անի, հո իրա գրպանից չի տալու էդ փողը, պետությունը պիտի տա: Կարո՞ղ ա Կարապետյան Սերգոն ու Աբրահամյան Հովիկն ուզում են, որ դու բերք չունենաս: Ինչի՞ պտի պաշտոնյան ուզի ժողովրդին վատություն անի: Ինչի՞ եք ժամանակին ստորագրել էդ պայմանագրիը, չստորագրեիք”,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում