Կենտրոնական բանկի նախագահն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը չեն պատասխանել «Քաղաքացի-Հարկատու-Բիզնես» իրավապաշտպան Կազմակերպությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարների մասին գրավոր դիմումներին: Կազմակերպությունը պատասխան ստացել է միայն Պետական եկամուտների կոմիտեից:

Կազմակերպության մամուլի բաժնից հայտնում են. «ՊԵԿ-ն իր գրության մեջ, որպես մեր կողմից բարձրացված հարցերի պատասխան հղում է կատարել Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ Օրենքի 76-րդ հոդվածի 1.1, 1.2 մասերին մասնավորապես եւ 1-ին մասին ընդհանրապես:

Կարծում ենք, որ անհրաժեշտություն չկա բառացիորեն մեջբերել ՊԵԿ պատասխանը, քանի որ այն ուղղակի մեջբերում է Օրենքից եւ բոլոր ցանկացողները կարող են կարդալ այն օրենքում:

Այսպիսով հաստատվում է փաստը, որի մասին նախկինում հանդես ենք եկել ծավալուն վերլուծությամբ եւ կատարել եզրահանգում,

• որ այն գործատուներն ովքեր իրենց աշխատողների հիմնավոր պահանջով չեն կատարելու վճարումներ համապատասխան կամուրջ հաշիվներին պարզապես չպետք է կատարեն նաեւ կուտակային վճարների հաշվարկ եւ առավել եւս պահում,

• կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի համաձայն չկա կուտակային կենսաթոշակային վճարների հաշվարկման առանձին պարտականություն,

• համապատասխան պետական մարմինների պաշտոնական հայտարարությունները, որոնցով պնդվում է, որ հաշվարկման պարտականությունը չի կասեցված եւ պահպանվում է չի համապատասխանում իրականությանը, այն որեւէ իրավական հիմք չունի, իսկ կուտակային վճարների չհաշվարկումը չի կարող որեւէ իրավական հետեւանք առաջացնել գործատուների համար (անկախ այն հանգամանքից թե ՊԵկ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում ինչ ցուցանիշ է արտացոլվում դրանց ինքնաշխատ մեխանիզմների աշխատանքի արդյունքում)

Կենտրոնական բանկը դեռեւս չի պատասխանել հարցմանը, իսկ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից հարցումն ետ է ուղարկվել, քանի որ մեխանիկական սխալի արդյունքում ճիշտ չէր գրվել Նախարար, Ա. Ասատրյանի ազգանունը:

Չնայած կարծում ենք, որ պետական որեւէ պաշտոնյա չպետք է անպատասխան թողնի կամ մերժի որեւէ դիմում կամ հարցում` առաջնորդվելով դրանում տեղ գտած ձեւական չափանիշներով, այն դեպքում երբ ակնհայտ է, որ հարցումն ուղղված է հենց իրեն, այնուամենայնիվ ԱՍՀՆ նախարար պարոն Ա. Ասատրյանին հարցումն ուղարկվել է կրկին անգամ` արդեն իսկ ճիշտ ազգանվամբ, հայցելով նախարարի ներողամտությունը նախկինում տեղ գտած սխալի համար»: