Վաշինգթոնն ինչպես եւ անցյալում չի կարող համարժեքորեն ընդունել Ուկրաինայում իրադարձությունների զարգացումը ամերիկյան չափորոշիչների շրջանակներում: Այս մասին նշվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի մեկնաբանության մեջ:

«Ակնհայտ է, որ Վաշինգթոնն, ինչպես եւ անցյալում, ի վիճակի չէ համարժեքորեն ընդունել իրադարձությունների զարգացումը ամերիկյան չափորոշիչների շրջանակներում: Չեն կարող հաշտվել այն մտքի հետ, որ միշտ ու ամենուրեք չէ, որ հաջողվում է թելադրել սեփական կամքը եւ հանդես գալ «արդար դատավորի»՝ դեռ վերջերս սովորական թվացող դերում, ում պատկանում է վերջին խոսքը»,- մեկնաբանել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ռուսական նախարարությունում համարում են, որ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության կողմից հրապարակված նյութերը ցնցում են «ոչ այնքան իրականության պարզունակ խեղաթյուրմամբ, որքան ցինիզմով ու անթաքույց «երկակի չափանիշներով»: «Վաշինգթոնում, իհարկե, չեն կարող խոստովանել, որ իրենք են սնել «մայդանը», խրախուսել օրինական իշխանության տապալումը բռնի ճանապարհով՝ ուղի հարթելով նրանց համար, ովքեր այժմ Կիեւում հանդես են գալիս որպես լեգիտիմ իշխանություն»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Չենք իջնելու ցածրորակ քարոզի մակարդակի: Միայն նշենք, որ հերթական անգամ գործ ունեն անընդունելի մեծամտության եւ ճշմարտության դեմ բողոքների հետ»,- հայտարարել են ռուսական նախարարությունում՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ը «չունի եւ չի կարող բարոյական իրավունք ունենալ միջազգային նորմերին հետեւելու եւ այլ երկրների ինքնիշխանությունը հարգելու բարոյական դասեր տալ Վաշինգթոնի կողմից Հարավսլավիայում ռմբակոծություններից եւ «կեղծ պատճառներով» Իրաք ներխուժելուց հետո: