Ուկրաինայի ԱԳՆ-ն ռուսական կողմին նոտա է հանձնել՝ պահանջելով հաստատել Ղրիմում Սեւծովյան նավատորմի սահմաններից դուրս ՌԴ զինված ուժերի զինվորականների բացակայության փաստը: Այս մասին բրիֆինգում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը:

«Ռուսաստանի կողմից ռազմական ինտերվենցիայի միջազգային դատապարտումների ֆոնին ՌԴ բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունը ակտիվ գործողություններ է սկսել՝ թաքցնելու համար իր զինված ուժերի Ղրիմ ժամանելու փաստը: Շարունակվում է միջազգային հանրությանն ապատեղեկատվություն հայտնելու արշավը: ՌԴ նախագահն ու պաշտպանության նախարարը հայտարարել են, որ Ղրիմի տարածքում ռուսական ստորաբաժանումներ այլեւս չկան, բացի Սեւծովյան նավատորմից: Դա չի համապատասխանում իրականությանը»,-ասել է Պերեբիյնիսը, հաղորդում է «ЛІГАБізнесІнформ»-ը:

Նրա խոսքով՝ հիմա Ռուսաստանը թաքցնում է Ղրիմում մոտ 3600 զինվորականների առկայության փաստը: Ստեղծված իրավիճակում, Ուկրաինայի ԱԳՆ-ն մարտի 5-ի երեկոյան իր մոտ է հրավիրել ՌԴ դեսպանին եւ նոտա հանձնել, որով պահանջում է պահանջելով հաստատել Ղրիմում Սեւծովյան նավատորմի սահմաններից դուրս ՌԴ զինված ուժերի զինվորականների բացակայության փաստը: