Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի այսօր՝ մարտի 6-ին տված հարցազրույցն ամբողջությամբ նրա երեւակայության արգասիքն է:

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Սուրիկ Խաչատրյանի տված պարզաբանումներին:

Ալումյանի խոսքով՝ Սյունիքի նախկին մարզպետը իրականությանը չհամապատասխանող փաստերի միջոցով ցանկացել է արդարանալ:

Հարցին՝ ինչու է Սուրիկ Խաչատրյանը կասկածի տակ դրել Բուդաղյանների ներկայացրած ապացույցներն ու տեսանյութերը, Ալումյանը պատասխանեց. «Նախ եւ առաջ դա դատաբժշկի եզրակացությունն է, ոչ թե իմ: Տեսանյութում ամրագրված է, որ վերեւից կրակոց է եղել: Այսքանից հետո երեւակայության համար տեղ չի մնում: Եթե ինչ-որ մեկը խոսում է իմ երեւակայությունից, թող առաջին հերթին իր սեփական երեւակայությունը ստուգի»:

Միեւնույն ժամանակ Սյունիքի նախկին մարզպետը համոզմունք էր հայտնել, որ «փաստաբանն էլ է այսօր համոզված, որ Արտակը եկել է զինված, սպառնալիքով եւ թշնամաբար»: Այս առնչությամբ Ալումյանն ասաց. «Դա իր երեւակայության արգասիքն է: Ես իմ համոզմունքն էդ անձին չեմ ասել, հրապարակային ելույթների ժամանակ եմ ասել»:

Հայկ Ալումյանը հերքեց Սուրիկ Խաչատրյանի հայտնած տեսակետը, թե Բուդաղյանները երկար ժամանակ թշնամություն են ունեցել մարզպետի հետ:

«Տարօրինակ տեսակետ է, թե թշնամություն է եղել իրանց մեջ: Եթե թշնամական հարաբերություններ ունենային, ապա այդ օրը Ավետիքին չէին առաջարկի նստել Սուրիկ Խաչատրյանի մեքենան: Եթե իջնելու պահին թշնամանք է եղել, ուրեմն պատկերացրեք, թե մեքենայի մեջ ինչ է տեղի ունեցել»:

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել էին կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել էր, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել էին Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանն էր, իսկ վիրավորներից մեկը նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, որը ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, որը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը: Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Տեւական դադարից հետո միայն Սուրիկ Խաչատրյանը լրագրողների հետ խոսել էր միջադեպի վերաբերյալ: Սյունիքի նախկին մարզպետը պատմել էր, թե ինչ էր տեղի ունեցել այդ օրը: