Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մարտի 6-ին հանդիպել է Շվեյցարայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդյե Բուրկհալտերի հետ եւ քննարկել երկկողմ հարաբերությունները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Էդվարդ Նալբանդյանը Դիդյե Բուրկհալտերին է փոխանցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնները եւ գրավոր ուղերձը:

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-շվեյցարական քաղաքական երկխոսության բարձր մակարդակի, համակողմանի փոխգործակցության զարգացման դինամիկայի կապակցությամբ եւ քննարկել հարաբերությունների ընդլայնմանը եւ խորացմանը առնչվող հարցեր։ Հատուկ կարեւորվել է առեւտրատնտեսական համագործակցության խթանման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկումը:

Շվեյցարիայի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային խնդիրների, շվեյցարական նախագահության նախաձեռնությունների շուրջ:

Նախարար Նալբանդյանը նախագահ Բուրկհալտերին ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերը։ Այս համատեքստում Դիդյե Բուրկհալտերը վերահաստատել է աջակցությունը Մինսկի խմբի համանախագահության գործունեությանը:

Հանդիպմանը անդրադարձ է արվել այս տարվա հունիսին Դիդյե Բուրկհալտերի Հայաստան կատարելիք այցելությանը, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ: