ԵՄ-ն կդադարեցնի Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ բանակցությունները: Ինչպես հաղորդում է Deutsche Welle-ն, պատճառը ռուսական զորքերի Ղրիմ ներխուժումն է: ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը հայտարարել է, որ Եվրամիությունը մուտքի մի շարք արգելքներ կդնի, կսառեցնի որոշ ակտիվներ, ինչպես նաեւ չեղյալ կհայտարարի ԵՄ-Ռուսաստան գագաթաժողովը, եթե Մոսկվան միջոցներ չձեռնարկի Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:

Վան Ռոմպոյը նաեւ հայտնել է, որ ԵՄ-ն Ուկրաինայի հետ կստորագրի ասոցացման համաձայնագրի քաղաքական բաժինները նախքան այդ երկրում նախագահական ընտրությունների անցկացումը, որը տեղի է ունենալու մայիսի 25-ին:

Ավելի վաղ DW-ն հայտնել էր, որ ԵԱՀԿ 43 միջազգային դիտորդների թույլ չեն տվել հյուսիսից ցամաքային ճանապարհով մտնել Ղրիմի տարածք: 23 երկրներ ներկայացնող դիտորդները մտադիր էին Ղրիմում ռուսական զորքերի տեղաշարժի մոնիթորինգ իրականացնել: