Երեւանի Լենինգրադյան փողոցից բռնի ուժով բերման ենթարկված Նախախորհրդարանի անդամներին քիչ առաջ ազատ են արձակել: Այս մասին NEWS.am-ին ասաց բերման ենթարկվածներից Գեւորգ Սաֆարյանը:
«Արձանագրություն կազմեցին, ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար վարչական պատասխանատվության ենթարկեցին ու 3 ժամ պահելուց հետո ազատ արձակեցին»,- ասաց նա:
Գեւորգի պատմելով՝ ոստիկանները դեռ Արագածոտնի մարզից հետեւել են իրենց:
«Հետապնդում էին մեզ, հենց հասանք Երեւան, բռնեցին տարան»,- նշեց Գեւորգը:
Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստով 10 ոստիկաններ բռնություն են գործադրել Արագածոտնի մարզի Կարբի և Օհանավան գյուղերի մոտ նոր ՀԷԿ-ի շինարարության դեմ բողոքող եւ մարտի 6-ի առավոտից Երեւան-Ապարան ավտոմայրուղին փակած յոթ գյուղի բնակիչներին աջակցող «Նախախորհրդարանի» անդամների նկատմամբ՝ փորձելով նրանց բերման ենթարկել ոստիկանական բաժանմունք: Գյուղացիները միջամտել են եւ թույլ չեն տվել: Երեւան հասնելուն պես, Եղիա Ներսիսյանին, Գեւորգ Սաֆարյանին, Հարություն Մալխասյանին, Հովհաննես Ղազարյանին եւ Տարոն Սարգսյանին բերման էին ենթարկել:




























