Ժնեւում Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հոնդուրասի արտաքին հարաբերությունների պետական քարտուղար Միրեյա Ագուերո դե Կորալեսի հետ եւ ներկայացրել ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ միջազգային հանրության քայլերը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նալբանդյանն ընդգծել է Մինսկի խմբի համանախագահների ջանքերի սատարման կարեւորությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունների շուրջ:

Այս համատեքստում նախարար Նալբանդյանն ընդգծել է, որ անտեսելով եւ հակադրվելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջազգային հանրության դիրքորոշմանը, որն արտահայտվում է համապաստախան մանդատ ունեցող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների հայտարարություններում, Ադրբեջանը նպատակ է հետապնդում ապակողմնորոշել իր եւ միջազգային հանրային կարծիքը։ Հայաստանի արտգործնախարարն ասել է, որ այդ նպատակով որոշ երկրներում, տարբեր միջոցների դիմելով, Ադրբեջանը փորձեր է կատարում հիմնախնդրի վերաբերյալ շինծու հայտարարություններ անցկացնել, որոնք վնաս են հասցնում բանակցային գործընթացին, հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված համանախագահների ջանքերին։ 

Նախարարները պայմանավորվել են ակտիվացնել շփումները երկու երկրների միջեւ, Երեւանում եւ Տեգուսիգալպայում համատեղության կարգով դեսպանների  հավատարմագրել։