Ոստիկանության աշխատակիցների կողմից մարտի 5-ին Սայաթ-Նովա պողոտայի թիվ 8 շենքի մոտից բերման ենթարկված 24-ամյա Արման Գալուստյանը հայտնի գործարար, «Ռան ՕՅԼ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանի որդին է. նա գտնվում էր հետախուզման մեջ տաքսու վարորդին ծեծի ենթարկելու համար:

Ռոբերտ Գալուստյանը, սակայն, NEWS.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը, նշելով. «Տղաս բանակում ա, Շամշադինում ա ծառայում»:

Հարցին, թե Ձեր որդին էր չէ՞ հետախուզման մեջ գտնվում, «Բենզին Ռուբոն» բարկացավ եւ անջատեց հեռախոսը:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 21-ին Սայաթ-Նովա փողոցում տաքսու վարորդին ծեծի ենթարկած Արման Գալուստյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Վերջինս բենզին Ռուբոյի՝ «Ռան ՕՅԼ» ընկերության սեփականատեր Ռոբերտ Գալուստյանի որդին է, որը տաքսու վարորդի 2000 ուղեվարձը չէր վճարել: Մեկ օր անց փողոցում հանդիպելով Արման Գալուստյանին` տաքսու վարորդը հիշեցրել էր չվճարած 2000 դրամի մասին, ինչից հետո վերջինս մոտեցել էր ու երկաթով հարվածներ էր հասցրել վարորդի  գլխին: Տարածքում գտնվող ոստիկաններին չէր հաջողվել նույն օրը հայտնաբերել Արմանին:

Հունիսի 27-ին Արման Գալուստյանի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել Քրեական օրենսգքրի 117 հոդվածի հատկանիշներով (Դիտավորությամբ առողջությանը թեթեւ վնաս պատճառելը): NEWS.am-ին հայտնի է դարձել, որ Արման Գալուստյանը վերջին շրջանում նմանատիպ արարք մեկ անգամ էլ է թույլ տվել եւ երկու գործով մի անգամից քրեական գործ են հարուցել: Արման Գալուստյանը ստորագրությամբ բաց է թողնվել: NEWS.am-ը ավելի վաղ հայտնել էր, որ Ռոբերտ Գալուստյանն ինքն է դեպքի օրը զանգահարել ոստիկանություն` բարեխոսելով Արման Գալուստյանի համար: Սակայն մեր թղթակցի հետ զրույցում  հավաստիացրել էր, թե իրեն զանգահարել եւ հայտնել են, որ մի երիտասարդ ոստիկանությունում ներկայացել է որպես «Բենզին Ռուբո»-ի որդի` սակայն նա ասել է, որ նման որդի չունի: