Միացյալ Թագավորությունն աջակցում է Ուկրաինային: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնը այն բանից հետո, երբ Եվրամիությունը որոշել է միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ Ղրիմում իրադարձություններից հետո, հաղորդում է BBC-ն:

ԵՄ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ վիզային ռեժմի ազատականացման շուրջ բանակցությունները դադարեցնելու մասին եւ հայտարարել մուտքի որոշակի արգելքների եւ ակտիվների սառեցման հնարավորության մասին: Քեմերոնը հայտարարել է «հեռուն գնացող հետեւանքների» մասին:

«Մենք չենք կարող թույլ տալ, որ Ռուսաստանն առանց բանակցությունների նոր իրականություն ստեղծի: Ռուսաստանի անօրինական գործողությունները չեն կարող առանց պատասխանի մնալ»,-հայտարարել է Քեմերոնն ու հավելել. «Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող շարունակվել այնպես, կարծես ոչինչ չի եղել»:

Նրա խոսքով՝ եթե Ռուսաստանը բանակցություններ չսկսի Ուկրաինայի հետ՝ ճգնաժամը լուծելու համար, Եվրոպան ավելի հեռուն կգնա: Քեմերոնը հավելել է, որ Միացյալ Թագավորությունը միշտ «աջակցել է ուկրաինացի ժողովրդին» եւ կշարունակի «կանգնել ժողովրդի կողքին, որը ուզում է ընտրել, թե ով պիտի իրեն ղեկավարի եւ ինչ ուղղությամբ տանի»: