Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ մարտի 6-ին, հետաձգվեց ձայնային ազդանշան տալու պատճառով վարորդ Էդուարդ Ղազարյանին դանակահարելու մեջ մեղադրվող 30-ամյա Գուրգեն Բաբայանի գործով դատական նիստը. մեղադրյալը հայտարարեց, որ ինքը եւ իր պաշտպանը միմյանց չեն հասկացել, եւ ինքը ցանկանում է փոխել փաստաբանին:

«Ես Վարազդատ Գեղամյանից հրաժարվում եմ, ժամանակ եմ խնդրում, որպեսզի նոր պաշտպան զբաղի իմ գործով»,- ասաց Գուրգեն Բաբայանը:

Ըստ դատական գործի նյութերի՝ Գուրգեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել 2007թ. մայիսի 20-ին իրեն պատկանող «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով Երևանի Քաջազնունի փողոցով երթևեկելիս սեփական անձի «առավելությունն» ընդգծելու նպատակով, «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենային հետապնդելու եւ ձայնային ազդանշան տալու համար  վիճաբանության ժամանակ «ՎԱԶ 2107»-ի վարորդ  Էդուարդ Ղազարյանին դանակահարելու համար:

Գուրգեն Բաբայանը դանակով հարվածել է Էդուարդի կրծքավանդակին, Էդուարդ Ղազարյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:

Դեպքից հետո Գուրգեն Բաբայանը դիմել է փախուստի եւ մոտ յոթ տարի հետախուզման մեջ էր: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության համար, որը նախատեսում է 12-20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկում։

Գործով դատական հաջորդ նիստը նշանակվել է մարտի 24-ին: