ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ինքը մտադիր է կոնկրետ միջոցներ ձեռնարկել, որոնք ուղղված են Ռուսաստանին պատժելուն՝ Ղրիմ ներխուժելու համար, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցն ԱՄՆ-ից:
Իր ելույթում Օբաման քննադատել է Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվե անցկացնելու մասին որոշումը, դա համարելով Ուկրաինայի Սահմանադրության եւ միջզգային իրավունքի խախտում: Սպիտակ Տունը հայտարարել է, որ արդեն փաստաթուղթ է ստորագրել, որը վիզային նոր սահմանափակումներ է նախատեսում Ուկրաինայի նոր կառավարության ընդդիմախոսների նկատմամբ, որոնք իրենց գործողություններով խախտում են երկրի ինքնիշխանությունը:
Փաստաթուղթը նաեւ ֆինանսական պատժամիջոցների համար հիմք է ստեղծում, որոնք կարող են հետեւել որպես պատիժ, եթե ռուսական օկուպացիան Ղրիմում շարունակվի, հաղորդում է Սպիտակ Տան ներկայացուցիչը:
«Ուկրաինայի ապագայի շուրջ յուրաքանչյուր քննարկում պետք է տեղի ունենա Ուկրաինայի օրինական կառավարության մասնակցությամբ: 2014 թվականին հետեւում են մնացել այն օրերը, երբ սահմանները կարելի էր վերաձեւել ժողովրդավարական առաջնորդների թիկունքում»,- ընդգծել է Օբաման բրիֆինգի ժամանակ:
Ներկայումս ԱՄՆ վարչակազմը հրաժարվում է նշել այն անձանց թիվը, որոնց կվերաբերի վիզային սահմանափակումը, բայց նշել են, որ պատժամիջոցները ուղղված կլինեն այն անձանց դեմ, որոնք ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայում իրավիճակի ապակայունացմանը:




























