Ղրիմը հայտարարել է, որ մարտի 16-ին Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե է անցկացնելու, սակայն Ռուսական կառավարության կողմից պաշտոնական գնահատականներ ու կարծիքներ այդպես էլ չեն հնչել, թե ինչ գին դա կնստի Ռուսաստանի վրա: Փորձագետների խոսքով՝ նոր շրջանի ինտեգրացիան ոչ տրիվիալ խնդիր է, որը պահանջում է մի շարք կարեւոր միջոցառումներ, հաղորդում է «Կոմերսանտը»:

Այժմ 2.3 մլն բնակչություն ունեցող Ղրիմն Ուկրաինայի բյուջեի համար տարեկան 1,5-2 մլրդ դոլարի ծախս է: Բայց ՌԴ կազմ մտնելու դեպքում հարկ կլինի ավելացնել տրանսպորտային ենթակառույցի ներդրումները:  Ղրիմի՝ ծովային ճանապարհով մատակարարումը կտրուկ կավելացնի տեղական գները եւ առաջին ամիսներին կենսամակարդակի նվազման կհանգեցնի: Այդ պատճառով կպահանջվեն տասնյակ միլիարդավոր դոլարի սուբսիդիաներ՝ բնակչության արտահոսքն Ուկրաինա կանգնեցնելու համար: Ղրիմի բանկային համակարգերի ինտեգրումը ռուսականին կարելի է ավարտել մի քանի շաբաթում, խնդրահարույց կլինի «կենսաթոշակային հարցը»:

Հիշեցնենք, որ Ղրիմի Ռադայի պատգամավորները կողմ են քվեարկել, որպեսզի ինքնավարությունն անդամակցի Ռուսաստանին ու այդ հարցով մարտի 16-ին հանրաքվե կանցկացվի:

Նշենք, որ պաշտոնական Կիեւը դատապարտել է այդ որոշումը ու այն հակաօրինական կոչել: