Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության հակամարտող մահմեդական եւ քրիստոնեական խմբավորումները արդեն մեկ տարի շարունակվող  արյունահեղությունը դադարեցնելու պայմանավորվածություն են ձեռք բերել:

Երկրի անցումային կառավարության վարչապետ Անդրե Նզապայեկեն առաջին անգամ բանակցությունների սեղանի շուրջ կարողացել է համախմբել մահմեդական «Սելեկա» դաշինքի եւ քրիստոնեական «Անտի-բալաքա» շարժման ղեկավարներին:

«Սելեկան» ռազմական հեղաշրջման եղանակով իշխանության էր եկել 2013-ի մարտին, ինչից հետո մահմեդական գրոհայինները սկսել էին սպանել եւ թալանել քրիստոնյաներին: «Անտի-բալաքան» սկսել էր վրեժ լուծել, եւ իշխանությունից «Սելեկայի» առաջնորդի հեռանալուց հետո երկրից մահմեդականների արտաքսում էր սկսվել:

Հիշեցնենք, ավելի վաղ կարգուկանոն հաստատելու համար Աֆրիկյան միությունը ԿԱՀ էր ուղարկել 6 հազար զինվորի, Ֆրանսիան՝ 2 հազար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը առաջարկել էր Աֆրիկյան միության բոլոր ուժերն ընդգրկել ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունում, որը կներառի 10 հազար զինվոր եւ 2 հազար ոստիկան: