Միասնական քննչական կոմիտեն դեռ չի ձեւավորվել, հետեւապես խոսել կադրային նշանակումների մասին շատ վաղ է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին հանձնաժողովից:
Նրանց փոխանցմամբ՝ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանձնաժողովի նախագահն է, ում լիազորությունների մեջ էր մտնում օրենսդրական բազայի մշակումը եւ ոչ թե կադրերի ընտրությունը։ «Օրինագծով կոմիտեի նախագահին եւ տեղակալներին նշանակելու է ՀՀ Նախագահը»,- հայտնեցին հանձնաժողովից:
Միասնական քննչական կոմիտեն կձեւավորվի օրենքի ընդունումից հետո: Հավանաբար մինչեւ ապրիլ այն կստեղծվի եւ հայտնի կլինեն թե նախագահի, թե տեղակալների անունները:
Նշենք, որ «Հայկական ժամանակ» թերթը գրել էր, որ «2008թ.Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար, ոստիկանության Քննչական վարչության ՀԿԳ գործերով վարչության պետ Վահագն Հարությունյանը ՀՀ Քննչական կոմիտեի ստեղծումից հետո կարող է նշանակվել կոմիտեի պետի տեղակալ։ Այս մասին մեզ հայտնած աղբյուրի պնդմամբ, քննչական կոմիտեի պետ է նշանակվելու ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, իսկ Վ. Հարությունյանը նրա ամենասիրելի կադրերից է»:




























