Պաշտոնական տվյալներով՝ 2013-ին կենսաթոշակի միջին մեծությունը, որը  կազմել է 29 114 դրամ, նախորդ տարվա համեմատ կրճատվել է 575 դրամով: Իհարկե, կոնկրետ կենսաթոշակառուների թոշակի մեծությունը չի փոխվել, կրճատումը տեղի է ունեցել  կենսաթոշակառուների կոնտինգենտում կառուցվածքային տեղաշարժերով պայմանավորված:

Հայտնի է, որ թոշակառուները բաժանվում են երկու մեծ խմբի՝ ապահովագրությամբ թոշակ ստացողներ եւ սոցիալական թոշակառուներ: Առաջին խմբի ներկայացուցիչների կենսաթոշակն անհամեմատ բարձր է, քան երկրորդ խմբինը:

Այսպես, 2013-ի տվյալներով՝ առաջին խմբում կենսաթոշակի միջին մեծությունը կազմել է մոտ 31 հազար դրամ, իսկ երկրորդ խմբինը՝ 14,8 հազար դրամ: Միաժամանակ, տարվա կտրվածքով երկրորդ խմբի տեսակարար կշիռը 10,4 տոկոսից աճել է հասնելով 11,4 տոկոսի: Այսպիսով՝ կենսաթոշակի միջին մեծությունը թոշակառուների ողջ կոնտինգենտի համար «արհեստականորեն» նվազել է:

Բացի այդ, նոր թոշակի անցածների բաժինը 6,2 տոկոսից ավելացել է մինչեւ ավելի քան 6,9 տոկոսի: Հաշվի առնելով, որ «նորանշանակների» կենսաթոշակի միջին մեծությունը ավելի քիչ է, քան բոլոր թոշակառուների կոնտինգենտինը, այդ գործոնը եւս նպաստել է ընդհանուր ցուցանիշի նվազեցմանը:

Մեկ այլ գործոն էլ է եղել: Առաջին խմբում փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք կապված են աշխատանքային ստաժի հիման վրա կենսաթոշակ ստացող անձանց թվաքանակի կրճատման հետ՝ 22,8 տոկոս: Թե ինչի հետ է կապված համեմատաբար բարձր կենսաթոշակ ստացող անձանց թվաքանակի կրճատումը, կարելի է միայն գուշակել...

Միջին հաշվարկային կենսաթոշակի ու թոշակառուների քանակության հիման վրա կարելի է որոշել վճարված կենսաթոշակի չափը՝ մոտ 179,1 մլրդ դրամ նախորդ տարի, ինչը 0,8 մլրդ դրամով քիչ է 2012-ի ցուցանիշից: Ճիշտ է, իրականում կարող են տարբերությւոններ լինել փաստացի մեծության ու հաշվարկային ցուցանիշների միջեւ: Սակայն կարեւոր է հենց այդ ցուցանիշի կարգը, որը բնութագրում է Հայաստանի թոշակառուների ընդհանուր վճարունակությունը:

Մանրածախ ապրանքաշրջանառության հարաբերակցությամբ տվյալ ցուցանիշը 12%-ից ավելի է: Եթե ապրանքաշրջանառությանը գումարենք վճարովի ծառայությունների ծավալը, ապա հարաբերակցությունը կկրճատվի մոտ 7 տոկոսի:  Միաժամանակ, Հայաստանում թոշակառուները, նախորդ տարեվերջի դրությամբ,  կես միլիոնից ավելի են (504,9 հազ. մարդ) կամ մշտական բնակչության 16,7%-ը:

Ծանոթագրություն. Նախորդ տարվա IV եռամսյակում սպառողական նվազագույն զամբյուղը ամսական մեկ շնչի համար կազմել է ավելի քան  42,9 հազար դրամ, ինչը գրեթե 1.5 անգամ գերազանցում է կենսաթոշակի միջին մեծությունը: Չնայած աղքատիկ չափերին, կենսաթոշակները մեր անապահով խավի ընտանեկան բյուջեի ձեւավորման կարեւորագույն   աղբյուրն են: Այսպես,  2012թ. տվյալով՝ դեցիլային խմբի եկամուտների (երկրի բնակչության 10%-ը) կեսից ավելին՝ 53,2%-ը կազմել են հենց կենսաթոշակներն ու նպաստները: