Ուկրաինայի նախկին վարչապետ, «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն Արեւմուտքին կոչ է արել չբացառել Ռուսաստանի դեմ  ռազմական ուժի կիրառումը: Ըստ նրա՝ հակառակ պարագայում Մոսկվան կարող է վերահսկողության տակ վերցնել Ուկրաինայի մնացած մասը եւ ապակայունացնել մայրցամաքի իրավիճակը:

Երբ Ղրիմի խորհրդարանը ՌԴ-ին միանալուն հավանություն է տվել, Տիմոշենկոն նախազգուշացրել է, որ Վլադիմիր Պուտինը կօգտվի Արեւմուտքի ցանկացած թուլությունից:

 «Եթե մենք Ռուսաստանին թույլ տանք մարտի 16-ին Ղրիմում  հանրաքվե անցկացնել,  կկորցնենք Ուկրաինան եւ աշխարհի կայունությունը», – Եվրախորհրդարանի խոշորագույն կուսակցության՝ ԵԺԿ-ի նիստում հայտարարել է Տիմոշենկոն:

«Եթե Ուկրաինային ժամանակին իրական աջակցություն չհատկացվի, անգործության հետեւանքները դժվար կլինի կանխատեսել»,- ասել է նա:

Ըստ Տիմոշենկոյի՝ Ուկրաինան չափազանց թույլ է Ռուսաստանին միայնակ դիմակայելու համար, եւ Ռուսաստանի դեմ  ռազմական ուժի կիրառումը պետք չէ բացառել:

«Ռուսական ագրեսիան կանգնեցնելը միայն Ուկրաինայում ազատության հասնելու հարց չէ: Մենք ողջ տարածաշրջանի ազատության մասին ենք խոսում: Մենք Եվրոպայում պատերազմի եւ խաղաղության մասին ենք խոսում», – հայտարարել է նա:

Տիմոշենկոն ԱՄՆ-ին եւ Մեծ Բրիտանիային կոչ է արել  որպես 1994թ. Բուդապեշտի՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը երաշխավորող հուշագիր ստորագրած երկրներ, միջնորդ հանդես գալ Մոսկվայի հետ բանակցություններում: