Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող յոթ գյուղերի գյուղապետերին եւ 5-ական ներկայացուցիչներին այսօր` մարտի յոթին հրավիրել են Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի մոտ` քննարկելու ստեղծված իրավիճակը: Այս մասին այսօր` մարտի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ազգային ժողովի «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը:
«Գյուղապետերին եւ ամեն գյուղից հինգ ներկայացուցչի կանչել են Վլադիմիր Գասպարյանի մոտ»,- ասաց նա:
Լրագրողների հարցին` ի՞նչ է պատրաստվում ոստիկանապետը քննարկել գյուղապետերի հետ, պատգամավորը դժվարացավ պատասխանել. «Հանդիպումից հետո կասեն էլի, թե ինչ են քննարկել»:
Հիշեցնենք, որ մարտի 6-ի առավոտյան Արագածոտնի մարզի 7 գյուղերի՝ Ուշի, Օհանավան, Արտաշավան, Կարբի, Սաղմոսավան, Երզնկա, Եղվարդի բնակիչները փակել էին Երեւան-Ապարան ճանապարհը՝ պահանջելով դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը։ Նրանք մտավախություն ունեն, որ ՀԷԿ-ի պատճառով իրենք կզրկվեն ոռոգման ջրից, քանի որ Ապարանի ջրամբարից ՀԷԿ-ն այնքան ջուր է վերցնելու, որ իրենց այգիները կցամաքեն։




























