67-ամյա մի քաղաքացի՝ Նիկոլայ Կարապետյանը, մարտի 7-ին, ժամը 12։40-ի մոտ, փորձեց ինքնահրկզվել ՀՀ ֆինանսների նախարարության շենքի մոտ։

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նա իր հետ շշով բերած բենզինը լցրել է իր վրա վրա, սակայն այդ պահին շենքի մոտ ընթացող «Դեմ եմ» նախաձեռնության բողոքի ակցիայի ժամանակ հասարակական կարգը հսկելու նպատակով տարածքում գտնվող  ոստիկանները նրան թույլ չեն տվել ինքնահրկիզվել։

Նիկոլայ Կարապետյանն ասել է, որ իր մայրը՝ 88 տարեկանում մահացել է՝ այդպես էլ չստանալով խորհրդային բանկերում ներդրած իր խնայողությունը, եւ կենսաթոշակային նոր օրենքը նույնպես մարդկանց կողոպտելու միջոց է։

«Ավանդները թող վերադարձնեն, նոր գումարներ պահեն: Ամսի 4-ին եմ ստացել 30,000 դրամ, ամսի 5-ին արդեն չկա։ Ես դրանով երկու անչափահաս ո՞նց պահեմ»,- ասել է Նիկոլայ Կարապետյանը։

«Բենզինը լցնեիր էդ կեղտերի վրա, քո վրա ինչի՞ ես լցնում»,- վրդովված ասել է ակցիայի մասնակիցներից մեկը, իսկ ոստիկանները սաստեցլ են նրան՝ ասելով, որ չի կարելի ոստիկանին վիրավորել։

«Դեմ ենք փողերի արտագաղթին», «Մենք ենք տերը մեր աշխատավարձերի» գրությամբ պաստառներով «Դեմ եմ» նախաձեռնության անդամներն այս պահին շարունակում են իրենց բողոքի ակցիան ու ամոթանք են տալիս Ֆինանսների նախարարությանը այն բանի համար, որ նախարարությւոնը գործատուներին պարտադրում է իրենց աշխատողներից հարկադրաբար կենսաթոշակային 5 տոկոս պահումներ անել։  Նրանք սուլում են, թմբուկներ զարկում եւ վանկարկում «Դեմ ենք»։