Ռուսաստանցի գործարար Ալեքսեյ Կորեպանովը Հայաստանի դատական համակարգը եւ անձամբ՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին մեղադրում է մեքենայությունների մեջ: Regnum.ru կայքում հրապարակված նամակում, Ալեքսեյ Կորեպանովը ներկայացնում է տեղի ունեցողի իր մեկնաբանությունը:

Իր ներդրումային գործունեությունը Հայաստանում գործարարը սկսել է 2005 թվականի վերջին: Նա ավելի քան 4 մլն դոլար է ներդրվել գյուղատնտեսության ոլորտում (գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում եւ իրացում՝ արտահանման ներուժով), նաեւ մի քանի հարյուր հազար դոլար է ներդրել շինարարական տեխնիկայի հետ կապված նախագծերում (այս նախագիծը նա աստիճանաբար փակել է): Գործարարը նաեւ այլ ներդրումներ է կատարել:

«Հայտնաբերելով, որ Հայաստանում ինձ «քցել» են, ես դադարեցրի Կասկադի մոտ, Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի հարեւանությամբ գեղեցիկ շենքերից մեկի շինարարությունը: 2005-2012 թվականներին ես ընդհանուր առմամբ ՀՀ տնտեսության մեջ ներդրել եմ մոտ 5,2 մլն դոլար եւ կորցրել ամեն ինչ: Փոխանակ եկամուտ կամ շահույթ ունենայի, ես վնասներ եմ կրել»,-պնդում է ռուս գործարարը:

Նրա խոսքով՝ միաժամանակ իր նախկին ընկեր եւ գործընկեր, խորհրդային տարիներին ՀԽՍՀ գլխավոր դատախազ Սուրեն Օսիպյանի որդին՝ Վիկտոր Տեր-Օսպյանը, յուրացրել է 1,5-2 մլն դոլար, իսկ դատարանների որոշումներից հետո, որոնք փաստացի պատկանում են Արման Մկրատումյանին, ընդհանուր առմամբ կորցրել է 3 մլն դոլար:

«Չէի ցանկանա հիշեցնել այդ մասին, սակայն որպեսզի մեզ ու գործին անծանոթ ընթերցողի մոտ պատկերացում ձեւավորվի այն մասին, թե ով ով է, պետք է նշենք, որ նույն ժամանակահատվածում ես 97 000 հազար դոլար ու 1 մլն  230 000 հազար դրամ հատկացրել եմ բարեգործությանը, վճարել ավելի քան 33  մլն դրամի աշխատավարձ, ավելի քան 84 մլն դրամի հարկեր, իսկ Օսիպյանի ընտանիքը՝ գրեթե զրո: Արել եմ նաեւ ավելի քան 23 մլն դրամի նվիրատվություն եւ դեռեւս պետք է վճարեմ ավելի քան 112 000 ԱՄՆ դոլար, իսկ Օսիպյանի ընտանիքը՝ գրեթե զրո»,-հիշեցնում է գործարարը:

Նախկին գործընկերոջ մեղադրանքներին պատասխանելով՝ Ալեքսեյ Կորեպանովը հիշեցնում է Տեր-Օսիպյանի՝ հարկեր վճարելուց խուսափելը, Վերաքննիչ դատարանի միջոցով ունեցվածքը խլելու փորձերի, պարտքը վերադարձնել չցանկանալու մասին: «Ինչո՞վ իմ հայցը չի համապատասխանում օրենքին...Ամենայն հավանականությամբ, ՀՀ Վերաքննիչ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ցավոք, չի հուզում միջազգային հարթակում Հայաստանի բիզնես-հեղինակությունը: Դա, իհարկե, չի կարող չխանգարել Հայաստանի տնտեսական զարգացմանն ու երկրում նոր աշխատատեղերի ստեղծմանը: Ավելին՝ չաճող, հակառակը՝ ավելի անկում ապրող արդարադատության համակարգն ավելի ու ավելի է հիասթափեցնում Հայաստանի քաղաքացիներին ու նշանակալիորեն նպաստում է առանց այդ էլ ահաբեկող մասշտաբների հասած արտագաղթին: Ի դեպ, ես այստեղ լսել եմ, թե ինչպես են Հայաստանի դատավորները կայացնում «իրենց» որոշումները: Դա շատ հետաքրքիր է. Մկրտումյանի պահարանում կան գրեթե բոլոր դատավորներին արված նկատողությւոններ: Յուրաքանչյուր դատավորի վրա՝ երեքական: Եթե Մկրտումյանը պետք է որոշում կայացնի, նա ասում է դատավորին. «Ուզո՞ւմ ես դատավոր մնալ, թե ուզում ես հեռացնեմ աշխատանքից: Չէ՞ որ ես երեք նկատողություն ունեմ: Այդ դեպքում կկյացնես այնպիսի որոշում, որը ես քեզ կասեմ»: Եվս  մի բան էլ է հավելել առեղծվածային անծանոթը. «Դու պետք է դատը շահելու համար վճարես դատական համակրգի գործող անձանց՝ այսինքն, Արման Մկրտումյանին, 20 տոկոս»:

Եզրափակելով՝ ռուսաստանցի գործարարը հիշեցրել է Հայաստանի նախագահ Սերժ Սարսգյանի խոսքերը՝ դատական համակարգի ոչ բավարար աշխատանքի վերաբերյալ, որոնք ասվել են մոտ մեկ տարի առաջ:

«Եթե Հայաստանում անհնար լինի հասնել արդարադատության, բնականաբար, կդիմեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Դրա հետ կապված կարող եմ հավաստիացնել, որ Երեւանում մենք ունենք լավ, իրազեկ եւ բարեխիղճ փաստաբաններ: Եթե ոչ Հայաստանում, ապա Եվրոպական դատարանում այս գործով արդարությունը կհաղթանակի: Բայց այդ դեպքում, որքան էլ դա ցավալի լինի, համապատասխան գումարները կվճարվեն ոչ թե անձամբ Արման Մկրտումյանի գրպանից, այլ Հայաստանի բյուջեից, այսինքն երկրի քաղաքացիների հաշվին»,-նշել է ռուսաստանցի գործարարը: