ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել է, որ խորհրդարանի վերին պալատը կաջակցի Ղրիմում՝ ՌԴ կազմում ընդգրկվելու հարցով հանրաքվե անցկացնելու որոշմանը, եթե Ղրիմի բնակիչների մեծամասնությունը կողմ արտահայտվի դրան:

«Եթե Ղրիմի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ կողմ արտահայտվի ՌԴ կազմում ընդգրկվելու որոշմանը, մենք, որպես ՌԴ խորհրդարանի վերին պալատ, անկասկած, կաջակցենք այդ որոշմանը»,-ասել է Մատվիենկոն՝ Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Մատվիենկոն ընդգծել է, որ Ղրիմի խորհրդարանն ընտրել է ամենաժողովրդավարական տարբերակը՝ հանրաքվեի անցկացումը, որպես քաղաքացիների կամարտահայտման բարձրագույն ձեւ:

Նա պարզաբանել է, որ Ղրիմի խորհրդարանը որպես իշխանության լեգիտիմ մարմին, իրավունք ունի հանրաքվե անցկացնել՝ վկայակոչելով ՄԱԿ-ի բանաձեւերում ներառված «ազգերի ինքնորոշման իրավունքը»:

Սենատորը հիշեցրել է, որ դա սովորական միջազգային պրակտիկա է, մասնավորապես, Շոտլանդիայում սեպտեմբերին անցկացվել է անկախության վերաբերյալ նմանատիպ հանրաքվե:

Նշվում է, որ Մատվիենկոն նաեւ հիացմունք է արտահայտել Ղրիմի ղեկավարության արիության կապակցությամբ, քան որ այն ծնկի չի իջել օտարների քաղաքական շահերի առաջ: Նա ընդգծել է, որ Դաշնության խորհրդում ամեն պատվիրակության չէ, որին ծափահարություններով են ողջունում: