Զանգվածային լրատվամիջոցների աշխատանքին վերաբերող «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը ոչ մի նոր բան չի մտցնում դաշտում, ավելորդ լարվածություն է ստեղծելու եւ անհիմն մեղադրանքների տեղիք տա՝ ուղղված լրատվամիջոցներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:
Նա նշեց, որ այս օրինագիծը շատ վտանգավոր է լրատվամիջոցների համար, տպավորություն է ստեղծվում, որ օրենքի հեղինակները չեն ցանկացել սառը դատել եւ հարցի մյուս կողմը նայել: «Օրինակ՝ որեւէ լրատվական կայք շատ օբյեկտիվ քննադատում է որեւէ պատգամավորի՝ օգտագործելով նաեւ ֆեյքերը, պատգամավորի արձագանքը լինում է հետեւյալը, այդ օբյեկտիվ քննադատությունը ինքը ընկալում է որպես վիրավորանք եւ զրպարտություն եւ պահանջում է, որ այդ նյութը հանվի, իսկ չհասնելով իր նպատակին՝ դիմում է դատարան: Մենք գիտենք, որ Հայաստանում դատարանները դեռեւս անկախ չեն եւ բավարարում են պատգամավորի պահանջը, այս հորինված նկարագրությունը շատ մոտ է իրականությանը եւ մենք ունենք բազմաթիվ նախադեպեր, երբ օբյեկտիվ քննադատությունը հայցվորի կողմից ընկալվել է որպես վիրավորանք, զրպարտություն եւ դիմել է դատարան ու նրա պահանջը բավարարվել է:
Այս առումով այս օրինագիծը շատ վտանգավոր է, որովհետեւ երբ հայցվորը չի կարողանում ճիշտ որոշել՝ վիրավորանք, զրպարտություն կա, փաստորեն դա դատարանի գործն է: Այն ինչ կա այս օրինագծում, հնարավոր է այսօր գոյություն ունեցող օրենքներով. եթե դիմում են որեւէ լրատվամիջոցին՝ իրենց վիրավորված համարելով, եւ լրատվամիջոցը մերժում է, նրանք իրավունք ունեն դիմել դատարան: Ի՞նչն է խանգարում այսօրվա եղած օրենքներով իրենց մտահոգությունը բավարարել»,- ասաց Աշոտ Մելիքյան:
ԽԱՊԿ ղեկավարը շեշտեց, որ «նոր օրինագիծը նոր հնարավորություններ չի տալիս, բայց լրացուցիչ լարվածություն է ստեղծելու լրատվամիջոցների համար, նոր դատական գործերի առիթ է տալու, իսկ երբ դատական գործերի ալիքը ուժեղանում է, դա բացասաբար է ազդում լրատվամիջոցների վրա, ուժեղանում է ինքնագրաքննությունը, եւ այս օրինագիծը ինչ-որ առումով սահմանափակում է նաեւ խոսքի ազատությունը երկրում»: Աշոտ Մելիքյանը շեշտեց, որ անշուշտ վիրավորողները եւ զրպարտողները պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց լրացուցիչ լարվածություն ստեղծելու անհրաժեշտություն չկա: «Ճիշտ կլինի այդ օրինագիծը հանվի շրջանառությունից եւ չընդգրկվի ԱԺ օրակարգի մեջ: «Զանգվածային լրատվամիջոցների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը բավականաչափ կարգավորում է եւ համարում է, որ լրատվամիջոցը չպետք է պատասխանատվություն կրի ուրիշի ասածի համար:
Անանուն ֆեյքերի մասով քաղաքական գործիչները մի քիչ ավելի տոլեռանդ պետք է լինեն, եթե հնարավոր է, ի հայտ բերեն մեղավորներին, զրպարտողներին, դա ամենեւին էլ լրատվամիջոցների գործը չէ, նրանք կարող են դիմել դատարան եւ նրա միջոցով հարցերը լուծել»,- ասաց Աշոտ Մելիքյանը:
Նա հույս հայտնեց, որ այս օրինագծի վերաբերյալ լրագրողական կազմակերպությունները կհայտնեն իրենց դիրքորոշումը: Միեւնույն ժամանակ, ԽԱՊԿ ղեկավարը նկատեց, որ «անսպասելի է որ մտածող եւ ինտելեկտ ունեցող պատգամավորներն են այսպիսի առաջարկով հանդես եկել, իրենք ուղղակի տաք-տաք են որոշել, երեւի ինչ-որ առիթ է եղել, մինչդեռ պետք է սառը դատել եւ հարցի հակառակ կողմը քննարկել»:
Նշենք, որ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը անմիջականորեն վերաբերում է զանգվածային լրատվության միջոցների աշխատանքին: Օրենքի նախագծով պատգամավորները պայքար են մղում սոցիալական ցանցերում տարածում գտած «Fake»-երի, այսինքն` կեղծ օգտատերերի դեմ: Նախագծով առաջարկվող փոփոխություններով լրատվության միջոցը պատասխանատվություն է կրում իր էլեկտորոնային կայքում տեղ գտած, անհայտ հեղինակների վիրավորանք կամ զրպարտություն պարունակող մեկնաբանությունների համար: ԱԺ-ում շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի հեղինակներն են Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը, Թևան Պողոսյանը, Էլինար Վարդանյանը, Նաիրա Զոհրաբյանը, Արմեն Ռուստամյանը, Ստեփան Դեմիրճյանը, Էդմոն Մարուքյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Հեղինե Բիշարյանը:




























