Թուրքական դատարանի կողմից 2 տարի ազատազրկման դատապարտված ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանին Բուջայի խիստ ռեժիմով բանտից տեղափոխելու են Ալիաղայի բանտ։
Ինչպես տեղեկացնում է ստամբուլի հայկական «Ակոս»-ը. Նիշանյանի մտերիմներից Ալի Նեսինը հայտնել է, որ Նիշանյանին այցի ժամանակ պարզել է, որ արդեն նախապատրաստում են նրան տեղափոխել Ալիաղայի բանտ, որտեղ պայմանները համեմատաբար ավելի լավ են։
Նշենք, որ մեկ շաբաթից ավելի է, ինչ Սեւան Նիշանյանը գտնվում է Բուջայի բանտում, որտեղ նրան նույնիսկ մահճակալ չեն հատկացրել, ինչի հետեւանքով հայ լեզվաբանը քնում է բետոնե հատակին։ Այս փաստը բողոքի մեծ ալիք էր առաջացրել թուրք հասարակության առաջադեմ հատվածի մոտ։ 2013-ի դեկտեմբերի վերջին վճռաբեկ դատարանը հաստատել էր դեռեւս 2008-ին Իզմիրի Սելչուքի շրջանի քաղաքացիական գործերով դատարանի կայացրած վճիռը Սեւան Նիշանյանի նկատմամբ:
Սեւան Նիշանյանը բանտում անցկացնելու է 2 տարի՝ անօրինական շինարարություն իրականացնելու համար:
Սեւան Նիշանյանը Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։




























