ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ուկրաինացի ազգայնական Ալեքսանդր Մուզիչկոյի դեմ, որը հայտնի է «Սաշկո Բիլիյ» մականունով:
Հաղորդվում է, որ ավազակության եւ կազմակերպված հանցավոր խմբավորում ստեղծելու հոդվածներով քրեական գործը հարուցվել է Մուզիչկոյի՝ Շամիլ Բասաեւի հետ կապեր ունենալու կասկածանքով: Բասաեւը «Իչկերիայի Հանրապետություն» ահաբեկչական խմբավորման ակտիվ մասնակիցն է ու առաջնորդը:
«Քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել տվյալները, որոնք ստացվել են 2000 թվականին Չեչնիայի Հանրապետության Ուլուս Կերտ գյուղի մոտ ռուսաստանցի զինվորականների եւ Շամիլ Բասաեւի ու Խատաբի գլխավորությամբ անօրինական զինված խմբավորումների միջեւ զինված բախումների փաստի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննության ընթացքում»,-ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:
«Մուզիչկոն գազանաբար խոշտանգել է ռուսական դաշնային ուժերի գերի ընկած զինծառայողներին, ապա սպանել: Նշված ժամանակահատվածում Մուզիչկոն անձամբ տանջել, ապա սպանել է առնվազն 20 ռուսաստանցի զինծառայողների՝ պահանջելով իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը»,-հայտարարել է ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:



























