Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն ու ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ Գարի Կասպարովը կոչ է արել Արեւմուտքին պատժամիջոցներ ընդունել ռուսաստանցի ունեւոր բիզնես-էլիտայի դեմ: Ըստ նրա՝ դա կխաթարի Վլադիմիր Պուտինի իշխանության հիմքերը:

«Եթե Արեւմուտքը պատժամիջոցներով ու առեւտրային պատերազմով պատժի Ռուսաստանին, ապա արդյունքի կհասնի, սակայն դրանից կտուժեն 140 մլն ռուսաստանցիներ, որոնք ապրում են Պուտինի իշխանության ներքո»,-նշել է նա հոդվածում, որը հրապարակվել է Wall Street Journal-ում:

«Դրա փոխարեն պատժամիջոցներ ընդունեք 140 օլիգարխների դեմ, որոնք Պուտինին աղբանոցը կնետեն, եթե նա չկարողանա պաշտպանել արտերկրում նրանց ակտիվները: Ձեր թիրախը պետք է լինի նրանց ունեցվածքը: Օգտագործեք բանկերը, այլ ոչ թե տանկերը»:

Ըստ նրա՝ որպեսզի հինգշաբթի ԱՄՆ կողմից հրապարակված պատժամիջոցները արդյունավետ լինեն, դրանց պետք է միանա ԵՄ-ն: Հակառակ դեպքում Պուտինի՝ «բաժանիր ու տիրիր» մարտավարությունը հերթական անգամ կգործի, զգուշացնում է ընդդիմադիրը:

Կասպարովը հայտարարել է, որ Արեւմուտքի միասնական պատասխանի բացակայությունը աղետալի արդյունքների կհանգեցնի ամբողջ աշխարհի համար: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: