Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումը հակասահմանադրական է, մարտի 7-ին լրագրողներին հայտնել է «Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար, ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանը: Ըստ նրա՝ բարեփոխման «պարտադիր» բաղադրիչը հակասում է Սահմանադրությանը: Քաղաքացիներն իրենք պետք է տնօրինեն իրենց եկամուտները:
ԲՀԿ-ական նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով էլ, եթե հանրության 80%-ը դեմ է կենսաթոշակային բարեփոխմանը, դա արդեն ամեն ինչ ասում է: «Միգուցե, դա աշխարհի ամենալավ բարեփոխումն է, բայց չէ որ ժողովուրդ դեմ է: Ես դեռեւս 2010թ. էի դեմ այդ բարեփոխմանը: Այդ մասին քաջ հայտնի է», - նշել է Բոստանջյանը:
Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 1-ից ՀՀ-ում ուժի մեջ է մտել Կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, որով նախատեսվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների ամսական աշխատավարձից 5%-ի չափով պարտադիր հատկացումներ կատարել կենսաթոշակային հիմնադրամներին։ Օրենքի դեմ դուրս եկան ՏՏ ոլորտի, բանկերի աշխատակիցներ եւ բազմաթիվ այլ քաղաքացիներ։ Հունվարի 24-ին Սահմանադրական դատարանը մինչեւ խորհրդարանական չորս ուժերի դիմումի՝ 2014թ. մարտի 28-ին նշանակված բանավոր ընթացակարգով քննությունը, կասեցրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի եւ 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Մի շարք գործատուներ աշխատակիցներից պահուներ չեն անում՝ սպասելով ՍԴ վերջնական որոշմանը:



























