ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը քննադատել է արեւմտյան քաղաքական գործիչներին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «սեւացնելու» համար, հայտարարելով, որ նման մարտավարության նպատակն է «արդարացնել» իրական քաղաքականության «բացակայությունը»:
Ըստ Քիսինջերի՝ Ուկրաինան պետք է ոչ թե կռվախնձոր, այլ կամուրջ լինի Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ»:
«Ուկրաինայի հարցը հաճախ է ներկայացվում որպես վճռորոշ պայքար: Ո՞ւմ է հարելու Ուկրաինան՝ Արեւելքին, թե՝ Արեւմուտքին, - գրում է Քիսինջերը՝ Washington Post-ում հրապարակված հոդվածում: – Եթե Ուկրաինան ցանկանում է գոյատեւել եւ բարգավաճել, այն պետք է կամուրջ դառնա երկուսի միջեւ»:
Իր հոդվածում Քիսինջերը արեւմտյան քաղաքական գործիչներին նաեւ կոչ է արել չարհամարհել ռուսական պատմությունը:
«Արեւմուտքը պետք է հասկանա, որ Ռուսաստանի համար Ուկրաինան երբեք չի դառնա սովորական արտասահմանյան պետություն: Ռուսական պատմությունն սկսվել է Կիեւյան Ռուսիայից: Այնտեղից է եկել ռուսական ուղղափառությունը: Նրանց պատմությունները հարյուրամյակների ընթացքում միահյուսված են եղել: Սկսած 1709թ. Պոլտավայի ճակատամարտից՝ ամենակարեւոր մարտերը տեղի են ունեցել Ուկրաինայի հողում: Ալեքսանդր Սոլժենիցինի եւ Իոսիֆ Բրոդսկու նման հայտնի այլախոհները պնդում էին, որ Ուկրաինան ռուսական պատմության, եւ նույնիսկ բուն Ռուսաստանի անբաժանելի մասն է», - գրում է Քիսինջերը:
«ԵՄ-ն պետք է ընդունի, որ իր բյուրոկրատիայի դանդաղկոտությունը եւ Եվրոպայի հետ Ուկրաինայի հարաբերությունների վերաբերյալ բանակցությունները հանգեցրին բանակցային գործընթացի՝ ճգնաժամի վերածմանը: Արտաքին քաղաքականությունը առաջնահերթությունները տարանջատելու արվեստ է», - ընդգծել է Քիսինջերը:
Նա քննադատել է ինչպես ռուսական կառավարությանը, այնպես էլ Արեւմուտքին: «Յուրաքանչյուր կողմն էլ իր դերն է ունեցել իրավիճակի վատթարացման մեջ», – նշում է նա:
«Արեւմուտքի համար Պուտինին դիվականացնելը քաղաքականություն չէ, այլ դրա արդարացված բացակայությունը», – նշում է նա:
Քիսինջերը նաեւ պնդում է, որ Ռուսաստանը «չի կարող ռազմական որոշում պարտադրել՝ իրեն չմեկուսացնելով, այն ժամանակ, երբ իր սահմանների զգալի մասում իրավիճակն առանց այդ էլ կայուն չէ»: Ըստ Քիսինջերի՝ ռուսական «ռազմական մեթոդների քաղքականությունը կարող է «սառը պատերազմի» հանգեցնել»:
Քիսինջերն իր հոդվածն ավարտում է Ուկրաինայում ճգնաժամը կարգավորելու չորս առաջարկով, որոնց դեպքում հաղթող են մնում բոլորը եւ որոնք «համապատասխանում են բոլոր կողմերի արժեքներին եւ անվտանգության շահերին»:
Ըստ Քիսինջերի՝ Ուկրաինան չպետք է ՆԱՏՕ մտնի: Ուկրաինան պետք է ունենա իր ժողովրդի կամքին համապատասխան կառավարություն ստեղծելու բոլոր հնարավորությունները: Ռուսաստանը պետք է ճանաչի Ուկրաինայի ինքնիշխանությունը, իսկ Կիեւը պետք է ընդլայնի Ղրիմի ինքնավարությունը:
Գերմանիայում ծնված 90-ամյա Քիսինջերը արտաքին քաղաքականության խորհրդատու է աշխատել ԱՄՆ-ի երեք նախագահների օրոք եւ ավելի ուշ դարձել հայտնի գիտնական, գրող եւ միջազգային խորհրդատու:



























