ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սենատը օրինագիծ է ընդունել, որը պատիժ է սահմանում գաղտնի լուսանկարներ անելու համար, եթե այդ լուսանկարներում երեւում են սեռական օրգանները եւ կուրծքը:
Սենատորները հուսով են, որ նոր օրենքի օգնությամբ կարելի կլինի պատասխանատվության ենթարկել կարճ կիսաշրջազգեստներով անծանոթ կանանց գաղտնի լուսանկարողներին: Նույնը վերաբերում է նաեւ տղամարդկանց համարժեք լուսանկարներին:
Ըստ օրինագծի՝ օրենքը խախտելու դեպքում նախատեսվում է մինչեւ երկուսուկես տարվա ազատազրկում եւ 5000 դոլար տուգանք: Եթե ինտիմ նկարահանումների առարկա դառնան երեխաները, հանցագործներին սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում եւ 10 հազար դոլար տուգանք:
Մասաչուսեթսի նահանգապետ Դեւալ Պատրիկը խոստացել է առաջիկայում ստորագրել օրինագիծը, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նշենք, որ համարժեք օրինագիծ է գործում նաեւ Նյու Յորք եւ Ֆլորիդա նահանգներում:



























