Ֆինանսների նախարարությունը միշտ պատրաստ է քննարկելու հասարակությանը մտահոգող հարցերը եւ ներկայացնելու պարզաբանումներ, ինչպես նաեւ բաց է ցանկացած երկխոսության համար: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ֆինանսների նախարարությունը՝ անդրադառնալով այսօր՝ մարտի 7-ին, իր շենքի դկմաց «Դեմ եմ» շարժման կազմակերպած բողոքի ակցիային:

«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնության անդամներին, ովքեր մարտի 7-ին ցույց էին անցկացնում ֆինանսների նախարարության առջեւ, առաջարկվեց փոխանցել գրավոր առաջարակներ կամ ձեւավորել նախաձեռնողներից խումբ՝ նախարարին իրենց պահանջներն անձամբ ներկայացնելու եւ անհրաժեշտ պարզաբանումերն ու բացատրությունները ստանալու համար:

«Դեմ եմ» նախաձեռնության անդամները, սակայն, հրաժարվեցին ընդունել ֆինանսների նախարարության՝ երկխոսելու այս առաջարկը»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 7-ին, հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել էին ՀՀ Ֆինանսների նախարարության մոտ՝ պահանջելով, որ Ֆինանսների նախարարն իջնի եւ պատասխանի իրենց հարցերին: Նախարարությունից դուրս եկան աշխատակազմի ղեկավարն ու ներկայացուցիչները, ովքեր առաջարկեցին հինգ հոգանոց պատվիրակություն ուղարկել նախարարություն: Ակտիվիստները հրաժարվեցին եւ շարունակեցին ներկայացնել իրենց պահանջը: Տեսնելով, որ նախարարը չի արձագանքում իրենց պահանջներին, ակցիայի մասնակիցները փակեցին Նալբանդյան փողոցը, եւ բախումներ տեղի ունեցան ոստիկանների եւ ակցիայի մասնակիցների միջեւ: