Գերմանիայի իշխանությունները ազատ են արձակել երեք մարդու, որոնց կասկածում էին նացիստներին սատարելու մեջ: Մարտի 6-ին ձերբակալվածներից վերջինը ազատ է  արձակվել 100 հազար եվրո գրավի դիմաց: Նրանից վերցրել են նաեւ անձնագիրը, եւ նա պարբերաբար պետք է ներկայանա ու գրանցվի ոստիկանությունում, հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով dpa-ն:

Անցյալ շաբաթ կալանքից ազատ էին արձակվել Օսվենցիմի ենթադրյալ երեք հսկիչներից երկուսը: Թեեւ կալանավորներն ազատության մեջ են, շարունակվում է նրանց նկատմամբ քննությունը: 

Հիշեցնենք, որ երեք կասկածյալները կալանավորվել էին փետրվարի վերջին՝ Բադեն Վյուրտեմբերգի դաշնային տարածքում: Տարիքի (88- 94 տարեկան) եւ առողջական վատ վիճակի պատճառով նրանք տեղափոխվել էին բանտային հիվանդանոց: 

Նշենք, որ Գերմանիայի իշխանությունները նացիստներին նախկին աջակիցների նկատմամբ նոր քննություն էին սկսել  2011թ. դատավճռից հետո, երբ ճանաչվել էր  Սոբիբոր համակենտրոնացման ճամբարի պահակ Ջոն Դեմյանյուկի մեղքը:  Մինչ այդ իրավապահ մարմինները առաջնորդվում էին Գերագույն դատարանի 1969թ. վճռով, ըստ որի՝ նացիստներին սատարելու գործում մեղավոր ճանաչվելու համար պետք էր ապացուցել կասկածյալների անհատական, անմիջական մասնակցությունը սպանություններին: Շատ դեպքերում  դա անելն անհնար էր: Իսկ այժմ նացիստներին աջակից է համարվում նա, ով նպաստել է նրանց աշխատանքին: