Հրազդան-Արաքսյան ջրանցքում ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվողներին օրինական դաշտ մտնելու հնարավորություն է ընձեռվել: Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է փետրվարի 20-ին նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից Հրազդան-Արաքսյան ջրանցքի Երասխավանի հին ձախակողմյան ճյուղավորման հոսքը թեստային նպատակներով մի քանի ժամով անջատելու արդյունքում հայտնաբերված տասնվեց ապօրինի գործող ձկնաբուծական տնտեսությունների ղեկավարներին:
Վերջիններս ջրանցքի վերոհիշյալ ուղղությամբ սեփական նախաձեռնությանբ, առանց ջրօգտագործման թույլտվության տնտեսական գործունեություն էին ծավալել: Նախարարի հետ հանդիպմանը հրավիրվել էին նաեւ այդ ուղղությամբ գրանցված գործունեություն իրականացնող, սակայն համապատասխան ջրօգտագործման թույլտվություն չունեցող եւս եւս ընկերության ներկայացուցիչ:
Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը տնտեսվարողներին տեղեկացրել է, որ նախարարությունը հնարավորություն է ընձեռում արագացված եւ պարզեցված ընթացակարգով նրանց փաստացի ջրօգտագործումը բերել օրինական դաշտ եւ ձեւակերպել մակերեւութային ջրերի օգտագործման թույլտվություններ: Նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարվել է հենց տեղում ձկնաբույծներին ծանոթացնել ջրօգտագործման թույլտվություն ստանալու կարգին եւ պահանջվող փաստաթղթերին, որպեսզի տնտեսվարողները արդեն երկուշաբթի օրը ներկայացնեն համապատասխան փաստաթղթերը:
Պատասխանելով ձկնաբույծներին հուզող հարցերին՝ Արամ Հարությունյանը շեշտել է, որ նախարարությունը բոլոր հնարավոր միջոցներով ընդառաջելու է ոչ խորքային ջրային պաշարներից օգտվող տնտեսվարողներին, հատկապես ջրանցքի այդ հատվածում գործունեություն ծավալողներին, քանի որ վերոհիշյալ ճյուղից անհամեմատ մեծ քանակությամբ ջուր է առանց օգտագործման վերջին հաշվով թափվում Արաքս գետ:
Նախարարի հետ հանդիպումից հետ ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալությունում ձկնաբույծների համար կազմակերպվել է խորհրդատվական-ճանաչողական հանդիպում ոլորտի մասնագետների հետ:




























