ՆԱՏՕ-ի խորհրդի որոշումը՝ դադարեցնել հանդիպումները Ռուսաստանի հետ պրակտիկ համագործակցության շրջանակներում, հակասում է առողջ դատողությանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչը:

«ՆԱՏՕ-ի խորհրդի որոշումը՝ դադարեցնել հանդիպումները Ռուսաստանի հետ պրակտիկ համագործակցության շրջանակներում, վկայում է Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների պատճառների եւ հետեւանքների վերլուծության մեջ կանխակալ եւ հավակնոտ մոտեցման մասին»,-ընդգծել է նա, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ ռուսական կողմը բազմիցս անհրաժեշտ բացատրություններ է տվել, այդ թվում Ղրիմում Սեւծովյան նավատորմի օբյեկտների անվտանգության ապահովման միջոցառումների վերաբերյալ, բայց «ամենայն հավանակությամբ վեր են դասվել բնազդները, որոնք թույլ չեն տվել օբյեկտիվորեն վերլուծել տեղի ունեցածը: Ծայրահեղ վտանգավոր ենք համարում Ուկրաինայում ստեղծված առանց այդ էլ բարդ ու փխրուն իրավիճակին ավելացնել «ՆԱՏՕ-ի գործոնը», որը լարվածության լրացուցիչ տարր է ստեղծում»: