Նկարիչների միությունում բացվել է ՀՀ նկարիչների միության անդամ, գեղանկարիչ Շահեն Ասլանյանի անհատական 2-րդ ցուցահանդեսը, որը հեղինակը, Կանանց միջազգային օրվան ընդառաջ, նվիրել է բոլոր կանանց եւ աղջիկներին:
Երեւան քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Հոգեվիճակ» խորագրով ցուցահանդեսի բացմանը ներկա է գտնվել Երեւանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը:
Շնորհավորելով ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ քաղաքապետի տեղակալն ընդգծել է, որ մայրաքաղաքում թեւածող մշակութային գարունը Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ շարունակելու է հագեցած լինել տարբեր միջոցառումներով:
Ցուցահանդեսի հավաքածուն ներառել է ավելի քան 40 աշխատանք, որոնք ստեղծվել են վերջին ամիսների ընթացքում:


























