Հայաստանին ոչ միայն իշխանափոխություն է պետք, այլեւ համակարգափոխություն, մտածողության փոփոխություն: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, մամուլի ասուլիսում նշել է ՀՀՇ գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ ՀՀԿ-ն ԲՀԿ-ով փոխարինելով Հայաստանի քաղաքացիների կյանքում որեւէ դրական տեղաշարժ տեղի չի ունենա:

Նրա համոզմամբ՝ Հայաստանում հասունանում է դժգոհությունը, որը վաղ թե ուշ պայթելու է, քանի որ հասարակությունը չի կարող այլեւս հանդուժել բոլոր գոյություն ունեցող սահմանափակումները եւ տիրող անարդարությունը: «Այն քաղաքական ուժերը, որոնք չեն լինի հասարակության հետ, կկտրվեն ժողովրդից, դատապարտված են հայտնվել քաղաքական լուսանցքում»,-ընդգծել է ընդդիմադիր գործիչը:

Անդրադառնալով ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանը, թե խոշոր գործարարները, մասնավորապես, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի նման կարող են վճռական դեր խաղալ Հայաստանում իշխանափոխության գործում, Կարապետյանը կարծիք է հայտնել, որ, ամենայն հավանականությամբ, Լեւոն Տեր-Պետրոսյանը ինչ-որ տեղեկության է տիրապետում, որին իրենք չեն տիրապետում:

«Տեր-Պետրոսյանը ժամանակին հրապարակել էր օլիգարխների եւ պաշտոնյաների ցուցակը, որոնց թիկնապահները 2008-ի մարտի 1-ին զինվորական համազգեստ էին ստացել ՊՆ-ի կողմից եւ իրենց բացասական դերն էին ունեցել ողբերգական այդ իրադարձություններում: Եթեռ դրանից հետո համեմատություն է անցկացվում գագիկ Ծառուկյանի եւ Բիձինա Իվանիշվիլիի միջեւ, ապա կարելի է երկու եզրակացություն անել. Կամ Լեւոն Տեր-Պետրոսյանը սխալվել է մարտի 1-ի դեպքերին Ծառուկյանի մասնակցության մասով, կամ Իվանիշվիլին նույնն է արել Վրաստանում»,-նկատել է Կարեն Կարապետյանը:

«Եկեք, ի վերջո, չմոռանանք, թե ում կողմից է ստեղծվել ԲՀԿ-ն: Այն ի սկզբանե քաղաքական պրոյեկտ էր՝ Քոչարյանի հենարանը դառնալու համար: Եթե մենք գտնում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ օգուտ կտա Հայաստանի Հանրապետությանը, քան Սերժ Սարգսյանը, ապա դա մոտեցումների տարբերություն է: Ես գտնում եմ, որ ոչ Ռոբերտ Քոչարյանը, եւ ոչ էլ Սերժ Սարգսյանը չեն կարող ՀՀ-ն դարձնել բարեկեցիկ, անվտանգ ու ժողովրդավար երկիր: Առհասարակ, կարծում եմ, որ Հայաստանի անվտանգությունը ու ժողովրդավարությունը երեք նախագահների եռանկյունուց դուրս պետք է լինի այսուհետեւ: Ի վերջո, Հայաստանն արդեն քանի տարի հռչակել է իր անկախությունը եւ Հայաստանում պետք են արմատական փոփոխություններ: Չի կարելի հավերժ ֆիքսվել երկու, երեք անհատների վրա ու ապագան կապել այդ երեք անհատների սուբյեկտիվ մտածողության հետ: Պետք է քաղաքական նոր սերունդ»: 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am