Արագածոտնի մարզի Կարբի եւ Օհանավան գյուղերի մոտ կառուցվող ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարող յոթ գյուղերի գյուղապետերի, 5-ական ներկայացուցիչների հանդիպումը Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ «շատ լավ» է անցել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Օհանավանի գյուղապետ Ալեքսան Ալեքսանյանը:

«Շատ լավ ա անցել, քննարկել ենք ՀԷԿ-ի հետ կապված հարցերը»,- ասաց նա ու պատճառաբանելով, թե զբաղված է՝ անջատեց հեռախոսը:

Արտաշավանի գյուղապետ ՂազարԿարապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը հանդիպմանը ներկա չի եղել. «Ինձ չեն հրավիրել, ի՞նչ ունեմ ձեզ խաբելու»:

Ուշիի, Կարբիի եւ Սաղմոսավանի գյուղապետերն առավոտից անհասանելի են:

Հիշեցնենք, որ մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային ժողովի «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը ասել էր, որ գյուղապետերին եւ 5-ական ներկայացուցչի հրավիրել են Հայաստանի ոստիկանապետի հետ հանդիպման: