Արարատի մարզի ֆերմերներից Ռաֆիկ Պողոսյանը ամենեւին էլ վիրավորված չէ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ լսումների ժամանակ իր հասցեին հնչեցրած սպառնալիքների համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռաֆիկ Պողոսյանը:
Նա շեշտեց, որ Հովիկ Աբրահամյանը ընդամենը ասում էր սուտ մի ասա, մինչդեռ, ֆերմերի խոսքով, ոչ թե ինքն էր սուտ ասում, այլ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Նախարարը որ ստում ա, էլ ի՞նչ բառ գտնեմ ասեմ: 515 հազար ծախս եմ արել հեկտարին, էդ որ մի ֆերմերը կուզենա բերք չստանա: Հովիկ Աբրահամյանն էլ ստի հետ...(ծիծաղում է, չի ավարտում խոսքը), դե նախարարը իր համերկրացին է, պահածոների գործարանն են իրար հետ կիսել, 80 տոկոսը Հովիկ Աբրահամյանինն է, 20 տոկոսը Սերգո Կարապետյանինն է: Հիմա դուք գիտեք՝ որ մեկն է ճիշտ ասում, մի 10 օրից կերեւա մեզ պաշտպանելու են, ամեն ինչով օգնելու են, թե ոչ»,- ասաց Ռաֆիկ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ նախագահի հետ լավ հարաբերություններ են ունեցել եւ ամեն հարցով օգնել է իրեն, իսկ ինքը չի պատասխանել Հովիկ Աբրահամյանի սպառնալիքին, քանի որ նա նախ ԱԺ նախագահ է՝ երկրի երկրորդ դեմքը, եւ հետո տարիքով իրենից մեծ: Նա շեշտեց, որ ամենեւին էլ չի վախենում ԱԺ նախագահից, եթե վախեցող լիներ, նախարարի, պատգամավորի, ԱԺ նախագահի ներկայությամբ իր դժգոհությունը չէր հայտնի: «Ինչի՞ համար վիրավորվեմ, վիրավորական խոսք չի ասել, ասել է քեզ կոռեկտ պահի, սուտ մի ասա: Ես պրոբլեմ չունեմ իր հետ, իմը հող է, ի՞նչ պիտի խլեն, չեն անի նման բան, ինքը իրեն նման բան թույլ չի տա: Ինքը չպաշտպանեց նախարարին, ընդամենը ասաց՝ գնում եք, խոսք եք տալիս գյուղացուն, խոստումներդ կատարեք, նախարարն է սուտ խոսում, իր տեղակալները, անկողմնակալ հանձնաժողովը»,- ասաց Ռաֆիկ Պողոսյանը:
Իսկ թե իր կենսագրությունից ինչն էր սպառնում պատմել Հովիկ Աբրահամյանը, ֆերմերը նշեց, որ երբ Աբրահամյանը Արարատի մարզպետ էր, ինքը Նոյակերտի գյուղապետն էր: «Էն ժամանակ ինձ նշանակել է ժամանակավոր պաշտոնակատար, ժողովուրդը գնաց սահման, ուրիշին նշանակեց, հետո տեղակալ եմ եղել մինչեւ 2004թ, ինքը թողեց գնաց, ես էլ էլ չեմ աշխատում, հողագործությամբ եմ զբաղվում: Էդ էր ասում էլի, որ լրիվ գիտեմ, ուրիշ բան չկար, ինչ կենսագրություն կամ վատ կողմ պիտի ունենամ, որ սպառնա պատմել, լավից բացի՝ վատ բան չի եղել»,- ասաց Ռաֆիկ Պողոսյանը: Նա նշեց, որ «բոլորն էլ գիտեն՝ ով ինչ է շնչում, բոլորս էլ գիտենք մեկը մյուսի կենսագրությունն էլ, ամեն ինչն էլ»: Ռաֆիկ Պողոսյանը կոչ է անոմ պաշտոնյաններին սուտ չասել՝ հավելելով, որ ավելի լավ է խոստումներ չտաք, քան թե հետո դրանք չկատարեք եւ սուտասան դուրս գաք:
Նշենք, որ Ազգային ժողովում գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ լսումների ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը սպառնացել է Արարատի մարզի ֆերմերներից Ռաֆիկ Պողոսյանին: «Իրենք գրում են, որ ֆորս մաժոր նախատեսված չէ, պետք է տաք մեր սերմացուն: Պարոն նախարարն էստեղ սուտ է ասում, սերմերի մասին օրենքը խախտել է: Այսօր նամակ ենք ստանում, որ Վերաքննիչ բողոք են տարել: Ասում են՝ ցորենը մենք լավ չմշակեցինք, բա Վարդենիսում, Գյումրիում, Սիսիանում: Նկարները կան, ամեն ինչը կա, սերմերն են վատ: Վաշխառությամբ են զբաղվում, մեկը երկուսի հարաբերակցությամբ պայմանագիր են կապում մեր հետ»,- վրդովված ասել է Ռաֆիկ Պողոսյանը:
Ֆերմերի խոսքերը զայրացրել էին ԱԺ նախագահին, ով սպառնաց Ռաֆիկ Պողոսյանին, նա բարկացավ: «Քեզ կոռեկտ պահի, լսի, օրենքը խախտելն ուրիշ բան է, սուտ ասելն ուրիշ բան: Հլա մի հատ մոտիկ արի, ասեմ, ինչի՞ ես բորբոքվում: Ես քո կենսագրությունը գիտե՞ս, որ գիտեմ, մի հատ քեզ հանգիստ պահի: Լսի ինչ եմ ասում՝ Կարապետյան Սերգոն ի՞նչ անի, հո իրա գրպանից չի տալու էդ փողը, պետությունը պիտի տա: Կարո՞ղ ա Կարապետյան Սերգոն ու Աբրահամյան Հովիկն ուզում են, որ դու բերք չունենաս: Ինչի՞ պտի պաշտոնյան ուզի ժողովրդին վատություն անի: Ինչի՞ եք ժամանակին ստորագրել էդ պայմանագրիը, չստորագրեիք»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:




























