Հայաստանի ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի առթիվ:

Ուղերձում ասվում է.

«Շնորհավորում եմ բոլոր կանանց` մայրերին, քույրերին, աղջիկներին, կրթության ոլորտի գործընկերներիս եւ ուսանողուհիներին, Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ:

Կրթության եւ գիտության ոլորտում աշխատող սիրելի կանայք` դաստիարակ եւ ուսուցչուհի, դասախոս եւ գիտնական,  այս տոնը  լավագույն առիթներից է, որպեսզի մեր սրտի խոսքն ուղղենք ձեզ` առանձնակի գնահատանքով ու խոնարհումով:

Դուք սիրով ու մեծ նվիրումով եք կատարում ձեզ վստահված անչափ լուրջ եւ պատասխանատու մի աշխատանք, որով պայմանավորված է մեր երկրի ապագան ու վաղվա օրը:  Ձեր գիտելիքն ու վարպետությունը, մասնագիտական ունակությունն ու կենսափորձը, ինչպես նաեւ  հոգատարությունը  խիստ անհրաժեշտ են  կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքն ու արդյունավետությունն ապահովելու համար:

Սիրելի կանայք,  շնորհավորում եմ ձեզ հիշարժան եւ գեղեցիկ գարնանային այս տոնի կապակցությամբ, մաղթում  առողջություն, անսահման սեր, կանացի հմայք, երջանկություն, ժպիտ եւ ուրախություն»: