«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Դուբլինում կայացած Եվրոպական ժողովրդական կուսակցության 2014թ. նախընտրական կոնգրեսի ժամանակ իր ելույթում ԵԺԿ-ին կոչ է արել այլեւս երբեք չվավերացնել կեղծված ընտրություններ եւ չընդունել նրանց, ովքեր չեն վայելում ժողովրդի դե յուրե վստահությունը:

Նա կոչ է արել նաեւ շտկել անցյալի սխալները, հարգելով ազատության, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության սեփական չափանիշները:

Նրա խոսքով՝ այս համատեքստում ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԵԺԿ-ն ինքը եւ հատկապես Հայաստանի իշխանություններն են պատասխանատու երկրի անընդունելի ներքին վիճակի եւ արտաքին քաղաքական ընտրությունների համար:

Րաֆֆի Հովհաննսիյանն իր համերաշխությունն է հայտնել Ուկրաինայի ժողովրդի ժողովրդավարական ընտրությանը եւ կոչ է արել խաղաղ ու սկզբունքային լուծում գտնել ներկա ճգնաժամին:

Կոնգրեսի շրջանակներում Րաֆֆի Հովհաննիսյանը զրուցել է Եվրոպայի տարբեր երկրների պաշտոնյաների եւ պատվիրակների հետ, այդ թվում՝ ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի, Իռլանդիայի վարչապետ Էնդա Քեննիի, Իռլանդական Fine Gael կուսակցության նախագահ Չառլի Ֆլանագանի, ուկրաինացի առաջնորդներ Վիտալի Կլիչկոյի եւ Յուլյա Տիմոշենկոյի, Եվրոպական խորհրդարանի նախկին նախագահ Հանս-Գերթ Փոթթերինգի, Միջազգային հանրապետական ինստիտուտի նախագահ Մարկ Գրինի, Բրյուսելում գործող Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Միկուլաս Ձուրինդայի: Նա նաեւ կարծիքներ է փոխանակել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, ինչպես նաեւ Հունաստանի վարչապետ Ադոնիս Սամարասի հետ, ով Հովհաննիսյանի պաշտոնակիցն էր, երբ նա արտաքին գործերի նախարարն էր:

Դուբլինում Հովհաննիսյանը նաեւ ոգեւորիչ հանդիպում է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am