Հայաստանում մարտի 6-ին այն քաղաքացիները, ովքեր թոշակի ստանում են «ՎՏԲ» (Հայաստան) բանկի բանկոմատներից, տհաճ փաստի են բախվել: Բանկոմատի էկրանին թոշակի գումարի փոխարեն երեւում էր միայն նախորդ ամսվա գումարի մնացորդը:
Բնականաբար, հիասթափված թոշակառուները տարբեր կերպ մեկնաբանեցին այս փաստը: Կար վարկած անգամ, որ Ռուսաստանում մայր բանկը սնանկացել է, ուստի հայկական մասնաճյուղում գումար չկա: Վարկածն, իհարկե, անհավանակաnների շարքից է, քանի որ գումարը փոխանցվում է Հայաստանի պետական բյուջեից, այլ ոչ թե Ռուսաստանի:
NEWS.am-ի հարցմանը ՎՏԲ-Հայաստան բանկում պատասխանել են, որ գումարը փոխանցված է, սակայն տեխնիկական պատճառներով բանկոմատի էկրանին չեն երեւում: Բանկում խոստացել են, որ «տեխնիկական խնդիրները» կկարգավորվեն, եւ մարտի 7-ին թոշակառուները կկարողանան բանկոմատներից ստանալ իրենց գումարը:
Կազմակերպության կայքում տեղադրված է տեղեկություն այն մասին, որ «ՎՏԲ-Հայաստան» ՓԲԸ-ն ունիվերսալ բանկ է հանդիսանում, որը յուրաքանչյուր հաճախորդի տրամադրում է ժամանակակից բանկային ծառայությունների լիարժեք համալիր:
ՎՏԲ-Հայաստան բանկի 100 տոկոս բաժնետոմսերի սեփականատերն է ՎՏԲ Բանկ ԲԲԸ-ն, որ ամենաբարձր վարկանիշն ունի ռուսական բանկերի շարքում ըստ միջազգային վարկանիշային գործակալությունների… Այնպես որ, թոշակառուներին մնում է հուսալ, որ այդ «բարձրագույն վարկանիշը» կարդարցվի նաեւ Հայաստանում:



























