Օրեր առաջ Հայ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը 50 մլն դրամ է հատկացրել Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեւավորված Սոցիալական ծառայությանը, մասնավորապես` 2004-2014 թթ.-ի ընթացքում թեմի տարածքից զորակոչված, սահմանամերձ գոտիներում զոհված զինվորների եւ Հայոց բանակում երկու եւ ավելի զինվոր ունեցող ընտանիքներին աջակցություն ցուցաբերելու համար:
Մայր աթոռի տեղեկատվածական համակարգից հայտնում են, որ Սոցիալական ծառայության բաժինը վայելում է Հայրենիքի եւ Սփյուռքի ինչպես եկեղեցական կառույցների, այնպես եւ անհատ հայորդիների աջակցությունը:
Մայր Աթոռի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերի համար «ԷԿԼՕՖ Հայաստան» միջազգային կազմակերպությունն իր հերթին Մայր Աթոռի Սոցիալական ծառայությանը նվիրաբերել է 70 մլն. ՀՀ դրամ:
Նշենք, որ Սոցիալական ծառայության համակարգում գործում են չորս բարեգործական ճաշարանները, Հայորդյաց տները, «Գարեգին Բ» տնաշինական ծրագիրը, Մայր Աթոռի հովանու ներքո գործող «Նագգաշյան մանուկների տուն» երեխաների աջակցության կենտրոնը, ինչպես նաեւ օգնություն է ցուցաբերվում կարիքավոր ընտանիքներին եւ Հայրենիքում ապաստան գտած սիրիահայերին:




























