Մամիկոն Խոջոյանին, գերի լինելու ընթացքում, ազգային, կրոնական ատելության եւ կրոնական մոլեռանդության շարժառիթներով դրդված մի խումբ անհայտ անձանց կողմից, առանձին դաժանությամբ, դիտավորությամբ նրա առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ  սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գլխավոր դատախազությունից: Դեպքի առթիվ մարտի 6-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ, 6-րդ եւ 12-րդ կետերով, ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում հարուցվել է քրեական գործ, եւ կատարվում է  նախաքննություն:

Քրեական գործով, նախաքննության ընթացքում, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտման համար, Ադրբեջանի Հանրապետությունում դատավարական գործողությունների կատարման եւ իրավական օգնության անհրաժեշտության դեպքում, նկատի ունենալով, որ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ բացակայում են դիվանագիտական հարաբերություններ, ՀՀ գլխավոր դատախազությունը, «Քրեական գործերով վարույթների փոխանցման մասին» 15.05.1972թ.,«Քրեական գործերով փոխադարձ օգնության մասին» 20.04.1959թ. եվրոպական կոնվենցիաների, «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավահարաբերությունների մասին» 1993 թ. հունվարի 22-ի Մինսկի Կոնվենցիայի եւ միջազգային այլ պայմանագրերի շրջանակներում, հանդես կգա համապատասխան միջնորդություններով: Նկատի ունենալով Մամիկոն Խոջոյանի դեպքի հասարակական նշանակությունը, սույն քրեական գործով տեղեկատվության ստուգված եւ համակողմանի տրամադրման կարեւորությունը, ՀՀ գլխավոր դատախազությունը, անհրաժեշտության դեպքում կիրազեկի հանրությանը եւ միջազգային կազմակերպություններին:

Նշենք, որ 2014թ. հունվարի 28-ին, ՀՀ քաղաքացի Մամիկոն Խոջոյանը,  Տավուշի մարզի Վերին Կարմիր Աղբյուր գյուղի մոտակայքի  տեղանքում չկողմնորոշվելու եւ  Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու ու Ադրբեջանի Հանրապետության տարածք անցնելով, գերեւարվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից, եւ գերության մեջ մնացել մինչեւ սույն թվականի մարտի 4-ը: