Չգիտես ինչու ոմանք ցանկանում են Ծառուկյանին հիշեցնել բռնաբարության մասին շշուկները: Այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը: «Դրանք ուղղակի անպատասխանատու հայտարարություններ են: Ի՞նչ բռնաբարություն, որտեղի՞ց գիտեք: Դա ձեր աչքի առա՞ջ է եղել: Եթե իրավապահները կարողանային, նրանք վաղուց ապացուցած կլինեին: հակառակ դեպքում այդ բոլոր խոսքերը դատարկ են»,-ասել է Բոստանջյանը:
«Ժողովրդի իշխանություն» նախաձեռնության ղեկավար, ՀԱԿ անդամ Զոյա Թադեւոսյանի խոսքով՝ չպետք է Իվանիշվիլիին անհասանելի մեծություն համարել՝ ԲՀԿ առաջնորդի հետ համեմատած: Քչերն են հետաքրքրվել, թե ինչ է Իվանիշվիլին արել երիտասարդ տարիքում: «Իսկ Ծառուկյանի մասին բոլորը խոսում են, որ նա թալանել ու կողոպտել է: Թող փաստեր ներկայացնեն: Ինձ այլ բան է հետաքրքրում. եթե անգամ ժամանակին մարդը շեղվել է ճիշտ ուղուց, ենթադրենք, հիմա էլ գանահարե՞նք նրան, երբ նա լայնածավալ բարեգործություններ է անում, ինչպես ոչ ոք հանրապետությունում չի անում»,-ասել է Թադեւոսյանը: Ըստ նրա՝ Սամվել Ալեքսանյանին անգամ չի էլ կարելի համեմատել Ծառուկյանի հետ. «Չնայած նա էլ է բարեգործություններ անում, սակայն քանդել է Փակ Շուկան, խլում է մարդկանց բիզնեսը»:




























